USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
եղանակը
Երևանում
+3

WhatsApp–ը պատրաստում է վճարովի բաժանորդագրություն՝ բացառիկ ֆունկցիաներով

Երեկ, 17:09
WhatsApp մեսենջերի թիմն աշխատում է «WhatsApp Plus» նախնական անվանումով պրեմիում բաժանորդագրության պլանի գործարկման ուղղությամբ
WhatsApp–ը պատրաստում է վճարովի բաժանորդագրություն՝ բացառիկ ֆունկցիաներով

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/․ WhatsApp մեսենջերի թիմն աշխատում է «WhatsApp Plus» նախնական անվանումով պրեմիում բաժանորդագրության պլանի գործարկման ուղղությամբ, հայտնում է 3dnews.ru-ն:

Նախագիծը դեռևս գտնվում է մշակման փուլում. վճարովի ծառայության գործարկման ամսաթիվը և սակագների արժեքը դեռևս հայտնի չեն:

Ըստ WABetaInfo-ի տվյալների՝ WhatsApp Plus-ի բաժանորդները հնարավորություն կստանան օգտվելու հավելվածի 14 նոր icon–ներից, օգտատիրոջ կողմից ընտրվող շեշտադրված գույներից և թեմաներից՝ ամբողջ ինտերֆեյսի տեսքը փոխելու համար: Ամրակցված (pinned) չատերի սահմանաչափը 3-ից կհասնի 20-ի: Բացի այդ, բաժանորդները կկարողանան օգտագործել բացառիկ ռինգտոններ և ստիկերների հավաքածուներ, որոնք հասանելի չեն անվճար օգտատերերին: WABetaInfo-ն ենթադրում է, որ ժամանակի ընթացքում կարող են հայտնվել նաև այլ գործառույթներ:

Հաղորդվում է նաև, որ վճարովի բաժանորդագրության գործարկումը որևէ կերպ չի անդրադառնա մեսենջերի անվճար տարբերակի վրա: Հաղորդագրությունները, զանգերը, մեդիաֆայլերի փոխանակումը և գաղտնիության բոլոր գործիքները կմնան անվճար բոլոր օգտատերերի համար: WhatsApp Plus-ը պարզապես այլընտրանքային առաջարկ է՝ լրացուցիչ առավելությունների փաթեթով:

Ինչպես նշում է Android Police ռեսուրսը, ճակատագրի հեգնանքով WhatsApp-ն իր գործունեությունը սկսել էր հենց որպես հաղորդագրությունների փոխանակման վճարովի հարթակ, նախքան անվճար տարբերակին անցնելը: Ըստ ամենայնի, Meta-ն որոշել է փոխել իր մոնետիզացիայի ռազմավարությունը՝ առաջարկելով գործառույթներ, որոնք կարող են հետաքրքրել փորձառու օգտատերերին:

Android Police-ի դիտարկմամբ՝ վճարովի բաժանորդագրությունը կարող է գրավել զգալի լսարան, հատկապես եթե ընկերությունն առաջարկի ֆունկցիաների ճիշտ հավաքածու: