Փոսեր, աղբ ու ապօրինի գովազդ. այս ամենին կհետևեն ավտոբուսների վրա տեղադրված ԱԲ գործիքները
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Փաստացի արդեն առանց մարդկային ներուժի ներգրավման, նույնիսկ առանց «Ակտիվ քաղաքացի» հարթակի, մեր ավտոբուսների վրա դրված տեսախցիկներով արհեստական բանականության համակարգով մենք կստանանք տվյալներ Երևանում առկա փոսերի վերաբերյալ։
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ՝ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, Երևանի քաղաքապետարանը քաղաքի կառավարման գործում ներդնում է արհեստական բանականության գործիքներ, հաջորդ տարի արդեն ձեռք կբերեն ավտոմեքենա, որը հատուկ սարքավորումներով կշրջի Երևանի փողոցներում՝ արձանագրելու ասֆալտի վիճակը, ապօրինի գովազդներն ու կուտակվող աղբը։
«Հաջորդ տարի մենք ձեռք ենք բերում մի առանձին ավտոմեքենա՝ իր Lidar սարքավորումներով, որն ուղղակի բոլոր փողոցներով շրջելու է, արձանագրելու է ոչ միայն Երևանի ասֆալտի վիճակը, այլ նաև տարբեր հատվածներում կուտակվող աղբը, ապօրինի գովազդները, այն ամենը, ինչ մենք կծրագրավորենք»,-ասել է Ավինյանը:
Նա նշել է, որ այն գործառույթները, որոնք քաղաքի ստորաբաժանումները ֆիզիկական ներուժի ներգրավմամբ պիտի իրականացնեին, շատ դեպքերում ավտոմատացվելու է։
«Հետևապես, գործառույթները, ինչպես նաև՝ վարչարարության ձևը մի քիչ փոխվելու են։ Մենք պետք է հասկանանք, որ շատ դեպքերում ֆիզիկական այցերը կարող է պետք չլինեն»,- ասել է նա։
Նրա խոսքով, կարող է պետք լինի փոխել իրավական հենքը և այն, ինչը որ ավտոմատացված համակարգով արձանագրվում է, ուղղակի պետք է ծանուցումով տնտեսվարողին ուղարկվի որպես խախտում։