USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում մեկնարկել է համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնությունը

12.04.2013, 17:58
Չորեքշաբթի Հայաստանում մեկնարկել է Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի երրորդ բաց առաջնությունը և կտևի մինչև այս տարվա աշուն։
Հայաստանում մեկնարկել է համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի Հայաստանում մեկնարկել է Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի երրորդ բաց առաջնությունը և կտևի մինչև այս տարվա աշուն։

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և «Օրանժ Արմենիա» ընկերությունը նախաձեռնում են «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնությունը: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:

Ըստ UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի` համակարգչային խաղերի ոլորտի ներուժն ամբողջովին չի կիրառվում Հայաստանում։

«Նախորդ տարի մրցույթին ներկայացված նախագծերի որակը գերազանցեց մեր սպասելիքները։ Մենք հիանալի լուծումներով նախագծեր տեսանք, որոնք արդեն ամբողջովին պատրաստ էին շուկա մուտք գործելու համար։ Ուրախությամբ հայտնում ենք երրորդ առաջնության մեկնարկի մասին, և ակնկալում ենք, որ հետագայում մասնակիցների մի մասը սեփական բիզնեսը կստեղծի տվյալ ոլորտում, իսկ մյուս մասը կհամալրի համակարգչային խաղերի նախագծող հայկական ընկերությունների աշխատակիցների շարքերը»,– առաջնության մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ այսօր Հայաստանում բավական ներկայացուցչական ընկերություններ են գործում համակարգչային խաղերի մշակման ուղղությամբ։

Առաջնությունը կանցկացվի չորս փուլով, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց նախագծած համակարգչային խաղերը կամ դրանց բաղադրիչները։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 26–ին։

Ըստ Orange Armenia գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի` համակարգչային խաղերի նախագծումը Հայաստանում դինամիկ զարգացող ոլորտ է։

«Հայաստանը լուրջ ներուժ ունի խաղերի արդյունաբերության զարգացման համար»,– նշեց Ժելիբտերը։

Մրցույթը կանցկացվի ինը անվանակարգերում` «Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ», «Լավագույն սցենար», «Նորարարություն»,  «Լավագույն դիզայն», «Լավագույն կերպար», «Լավագույն 3D լուծում», դպրոցականների համար նախատեսված «Junior» և «Ժողովրդական մրցանակ»։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 1,7 մլն դրամ, որը կբաշխվի անվանակարգերով։

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվել են  մինչև 2013թ.–ի սեպտեմբերի 30–ը։ Այն թիմերը, որոնք հայտերը կներկայացնեն մինչև հունիսի 10–ը, կկարողանան ստանալ ժյուրիի խորհրդատվական աջակցությունը, ինչպես նաև մասնակցել Digitec բիզնես ֆորումին։

Մրցույթն անցկացվում է Plexonic, Triada, Microsoft, Sourcio, Zoom Graphics ընկերությունների, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աջակցությամբ։

Համակարգչային խաղերի նախագծման երկրորդ առաջնության արդյունքներով, որտեղ մասնակցեց 33 մշակող` 40 նախագծով, «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Անուլոիդ» ընկերությունը` GraviTire 3D  նախագծով («one touch» ձևաչափով 3D մրցավազք)։ ($1 – 418,02 դրամ է)։  --0—