USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հարավային Կորեայում ճանապարհից լիցքավորվող էլեկտրական ավտոբուսներ են գործարկել

09.08.2013, 16:56
Հարավային Կորեայում սկսել են էլեկտրական քարշուժով աշխատող երթուղային ավտոբուսներ գործարկել։ Հասարակական այդ տրանսպորտի տեսակը, ի տարբերություն տրոլեյբուսների, չի օգտագործում հոսանքի աղբյուրին միացող հոսանքի ընդունիչներ։
Հարավային Կորեայում ճանապարհից լիցքավորվող էլեկտրական ավտոբուսներ են  գործարկել
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հարավային Կորեայում սկսել են էլեկտրական քարշուժով աշխատող երթուղային ավտոբուսներ գործարկել։ Հասարակական այդ տրանսպորտի տեսակը, ի տարբերություն տրոլեյբուսների, չի օգտագործում հոսանքի աղբյուրին միացող հոսանքի ընդունիչներ։

Սնուցումն իրականացվում է անլար եղանակով` օգտագործելով էլեկտրամագնիսական ինդուկցիայի մեթոդը, այն է` «ռեզոնանսով մագնիսային դաշտի ձևավորման» տեխնոլոգիան (Shaped Magnetic Field in Resonance, SMFIR), որը մշակվել է Կորեայի առաջատար տեխնոլոգիաների գիտահոտազոտական ինստիտուտի (Korea Advanced Institute of Science and Technology, KAIST) գիտնականների կողմից։

Թեստավորվող ավտոբուսները ստացել են Online Electric Vehicle (OLEV) անվանումը։ Դրանք լիցքավորում են մարտկոցները, անցնելով էլեկտրիֆիկացված ճանապարհներով, որտեղ ոչ մեծ խորության վրա, ասֆալտի տակ տեղադրված են մագնիսական դաշտ ձևավորող էլեկտրական մալուխներ։ Ավտոբուսի հատակին ամրացող ընդունող սարքն այդ դաշտը վերածում է էլեկտրական լիցքի, որն այնուհետև կուտակվում է ոչ մեծ մարտկոցում։ Այդ սարքն OLEV–ում զգալիորեն փոքր է այլ էլեկտրամեքենաների մարտկոցներից, հաղորդում է cnews.ru–ն։

Նշանակման կետ հասնելու համար բավարար է մալուխներով պատել ճանապարհի 5-15 տոկոսը, որով այն ընթանալու է։ Այսինքն, ավտոբուսները կարող են տեղափոխվել սովորական քաղաքային ճանապարհներով, և միայն ժամանակ առ ժամանակ սնուցում ստանալ հատուկ մակերևույթից։ Միաժամանակ, այս «խելացի» ճանապարհային կտավը տարբերում է էլեկտրական ավտոբուսները սովորական ավտոմեքենաներից` ակտիվացնելով լիցքավորումը միայն ճիշտ ժամանակին։ Դա նվազեցնում է էներգիայի սպառումը և բարձրացնում անվտանգությունը, նշում են մշակողները։

Տվյալ պահին հարավկորեական Գումի քաղաքում, ուր անցնում են OLEV–ի փորձարկումները, ընթացքի մեջ է դրվել ընդամենը երկու էլեկտրական ավտոբուս։ Պիլոտային երթուղու երկարությունը, որի ընթացքում տրանսպորտային միջոցների մարտկոցները լիցքավորվում են անմիջապես շարժման ժամանակ, կազմում է 24 կմ։ Մինչև 2015 թվականի ծրագրվում է ընդլայնել OLEV–ի ավտոպարկը մինչև 10 մեքենա, իսկ հետագայում` այդ ճանապարհներին բաց թողնել սերիական էլեկտրամոբիլներ։

Ճարտարագետները մտադիր են առավելագույն ջանքեր գործադրել տեխնոլոգիայի ինքնարժեքի նվազեցման համար։ Իսկ առայժմ յուրաքանչյուր OLEV–ավտոբուս արժե մոտ 630 հազար դոլար։ -0-