USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

ChatGPT–ին արդեն կարողանում է անվճար խմբագրել լուսանկարներ Photoshop–ում և PDF ֆայլեր՝ Acrobat–ում

Այսօր, 21:54
Adobe ընկերությունը ChatGPT-ի օգտատերերին նոր հնարավորություններ է տրամադրել պատկերները և PDF ձևաչափի ֆայլերը խմբագրելու համար
ChatGPT–ին արդեն կարողանում է անվճար խմբագրել լուսանկարներ Photoshop–ում և PDF ֆայլեր՝ Acrobat–ում

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Adobe ընկերությունը ChatGPT-ի օգտատերերին նոր հնարավորություններ է տրամադրել պատկերները և PDF ձևաչափի ֆայլերը խմբագրելու համար՝ առանց հավելվածների միջև անընդհատ անցում կատարելու անհրաժեշտության։

Photoshop-ի, Acrobat-ի և Adobe Express-ի ինտեգրումը ChatGPT-ի հետ թույլ կտա ստեղծել դիզայներ կամ խմբագրել ֆայլերը՝ օգտագործելով տեքստային հրահանգներ ԱԲ-բոտի համար, գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով The Verge-ին։

Adobe-ի հավելվածները կարելի է օգտագործել անվճար, իսկ դրանք ակտիվացնելու համար բավական է անհրաժեշտ պրոդուկտի անունը գրել ներբեռնված ֆայլի կամ տեքստային հրահանգի հետ միասին։ Օրինակ, կարելի է գրել. «Adobe Photoshop, լղոզիր ֆոնն այս պատկերում», որից հետո ChatGPT-ն կխմբագրի ներբեռնված ֆայլը՝ հաշվի առնելով օգտատիրոջ ցանկությունները։ Լրացուցիչ փոփոխություններ կատարելու համար, նույն երկխոսության շրջանակում, անհրաժեշտ հավելվածների անունները կրկին նշելու կարիք չկա։

Ստացված հրահանգներից կախված՝ ChatGPT-ն կարող է ընտրության համար մի քանի տարբերակ առաջարկել կամ մուտքի հնարավորություն տրամադրել ինտերֆեյսի որոշակի տարրերին, որոնք օգտատերը կարող է ձեռքով կառավարել, օրինակ՝ պայծառությունն ու կոնտրաստը կարգավորելու համար։

Adobe-ի հավելվածները ChatGPT-ում մուտքի հնարավորություն չեն տա դեսքթոփ տարբերակներում առկա բոլոր ֆունկցիաներին։ Փոխարենը, օգտատերերը կկարողանան խմբագրել պատկերների առանձին հատվածներ, կիրառել տարբեր էֆեկտներ և կարգավորել պատկերների պարամետրերը, ինչպիսիք են պայծառությունը, կոնտրաստը և լուսակայումը (էքսպոզիցիա)։

Acrobat-ը ChatGPT-ում կօգնի խմբագրել արդեն ստեղծված PDF ֆայլերը, սեղմել և փոխակերպել փաստաթղթերը PDF ձևաչափի, դուրս հանել տեքստ կամ աղյուսակներ, ինչպես նաև միավորել մի քանի ֆայլեր։

Adobe Express-ի միջոցով ChatGPT-ի օգտատերերը կկարողանան ստեղծել և խմբագրել դիզայներ, օրինակ՝ պաստառներ, հրավիրատոմսեր և այլն։ Եթե ChatGPT-ում առաջարկվող հնարավորությունները բավարար չլինեն, օգտատերը կկարողանա շարունակել աշխատանքը սկսված նախագծերի հետ Adobe-ի լիարժեք հավելվածներում։

Adobe-ի հավելվածները ChatGPT-ի համար կարելի է օգտագործել ԱԲ-բոտի հետ համակարգիչների վրա, վեբ-տարբերակում և iOS-ում փոխգործակցելիս։ Android-ում առայժմ հասանելի է միայն Adobe Express-ը, իսկ Photoshop-ի և Acrobat-ի աջակցությունը կհայտնվի ավելի ուշ։