USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ավտոբուսները հետիոտներին ճանաչել են սովորում

01.07.2014, 14:14
Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները (Polytechnic University of Valencia, UPV) Cognitive Robots իսպանական ընկերության հետ համատեղ ավտոբուսի և մարդկանց միջև վտանգավոր տարածության դեպքում մարդկանց բացահայտելու համակարգ են մշակել:
Ավտոբուսները հետիոտներին ճանաչել են սովորում
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները (Polytechnic University of Valencia, UPV) Cognitive Robots իսպանական ընկերության հետ համատեղ ավտոբուսի և մարդկանց միջև վտանգավոր տարածության դեպքում մարդկանց բացահայտելու համակարգ են մշակել:

Տեխնոլոգիան մեծ չափսերի տրանսպորտային միջոցի վարորդին ոչ միայն կզգուշացնի հետիոտնին վրաերթի ենթարկելու ռիսկի մասին, այլև իր վրա կվերցնի մեքենայի ղեկավարումը ծայրահեղ իրավիճակներում:

Ըստ նորարարության՝ ավտոբուսի երկայնքով կտեղադրվեն բազմաթիվ տեսախցիկներ, որոնք թույլ կտան վերահսկել կողային հայելիների տեսադաշտից դուրս մնացած գոտիները: Շրջանակային դիտման համակարգը պատկերը կցուցադրի էկրանի վրա, որը տեղադրված է ղեկի կողքի հատվածում: Հատուկ ծրագրային ապահովման միջոցով պատկերը կվերլուծվի՝ կադրում մարդու ճանաչման հնարավորությամբ, և վարորդը կտեսնի նրան էկրանի վրա, ինչպես նաև կլսի հնարավոր վտանգի մասին նախազգուշացնող ազդանշանը:  

Եթե ավտոբուսի վարորդը որևէ միջոց չձեռնարկի հետիոտնի մասնակցությամբ ՃՏՊ-ից խուսափելու համար, ապա համակարգը կսկսի թեթևակիորեն ուղղել ավտոբուսի երթևեկության հետագիծը և դանդադեցնել այն: Հարկ եղած դեպքում ավտոբուսի շարժն ամբողջովին կդադարեցվի, հաղորդում է cnews.ru-ն:

Ծրագրային համակարգի ավելի հստակ աշխատանքի համար հետազոտողներն օգտագործել են մեծ թվով լուսանկարներ, որոնք արվել են Վալենսիայի տարբեր վայրերում, որտեղ առավել մեծ է հետիոտների թիվը: Արվել է մոտ 12 հազար մարդկանց լուսանկար, որոնց միջոցով այժմ համակարգը որոշում է ավտոբուսի մոտակայքում մարդու առկայությունը, նշել է UPV-ին առընթեր Դիզայնի և արտադրության ինստիտուտի գիտաշխատող Լեոպոլդո Արմեստոն (Leopoldo Armesto):

Հետազոտողների խոսքով՝ նոր տեխնոլոգիան առաջին հերթին ստեղծվել է երեխաներին վտանգից հեռու պահելու համար, քանի որ նրանք իրենց ոչ մեծ հասակի և բարձր ակտիվության պատճառով վրաերթի ենթարկվելու ավելի մեծ ռիսկի տակ են գտնվում: Համակարգը ենթարկվել է բազմաթիվ փորձությունների վերահսկվող միջավայրում և այժմ պատրաստ է դուրս գալ զանգվածային շուկա: Հասարակական տրանսպորտում նորարարության ներդրման ժամկետները չեն նշվում:

Էլեկտրոնային օգնականի մշակումն իրականացվում է Safebus («Անվտանգ ավտոբուս) նախագծի շրջանակում, որը ֆինանսավորում է Իսպանիայի էկոնոմիկայի և մրցունակության նախարարությունը, ինչպես նաև ԵՄ-ն:-0-