«ABBYYLingvox5» էլեկտրոնային բառարարանը համալրվել է չորս նոր «հայկական» բառարաններով
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ABBYYLingvox5» հայտնի էլեկտրոնային բառարանը համալրվել է հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններով` ՎիվաՍել-ՄՏՍ և ABBYY ընկերություների համագործակցության շնորհիվ:
«ՎիվաՍել-ՄՏՍ և ABBYY ընկերությունների համագործակցության շնորհիվ, հայալեզու օգտատերերը կարող են օտար լեզուները սովորել այդ էլեկտրոնային բառարանի օգնությամբ»,- ուրբաթ լրագրողներին ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ նոր էլեկտրոնային բառարանը ներառում է 5 մլն 560 հազար հոդված, ինչպես նաև նկարազարդումներ, վարժություններ և տեսադասեր:
ABBYY փոխնախագահ Արամ Փախչանյանն իր հերթին տեղեկացրեց, որ հետագայում ընկերությունը մտադիր է կատարելագործել բառարանը` հաշվի առնելով լեզուների զարգացումը:
Ըստ Փախչանյանի` նաև արևելահայերենի հիման վրա պատրաստած բառարանն ընդունակ է ճանաչել արևմտահայերենով և գրաբարով բառերը:
Վաճառքի պաշտոնական մեկնարկի սկզբից մեկ տարվա ընթացքում բառարանով DVD-ը վաճառվելու են Հայաստանում միայն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ծառայությունների կենտրոնում: Դրա արժեքը կկազմի 17 հազար դրամ:
ABBYY ռուսական ընկերությունը հիմնադրվել է 1989թ.-ին Մոսկվայում` Մոսկովյան ֆիզիկական տեխնիկական ինստիտուտի ուսանող Դավիթ Յանի կողմից: Այսօրվա դրությամբ ABBYY-ն ծրագրային ապահովման առաջատար համաշխարհային մշակողներից և փաստաթղթերի հավաքագրման ու բացահայտման, լեզվաբանության ու թարգմանության բնագավառում ծառայությունների մատակարարներից մեկն է:
ABBYY ընկերությունների խմբում ընդգրկված են 12 միջազգային գրասենյակներ, որոնք տեղակայված են Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Կանադայում, Կիպրոսում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Թայվանում, Ուկրաինայում և Ճապոնիայում` ABBYY Language Services բարձր տեխնոլոգիական լեզվաբանական ընկերությունը և ABBYY Press հրատարակչությունը: ABBYY-ի կենտրոնակայանը գտնվում է Մոսկվայում:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-