«Վիվա Արմենիա» ընկերությունը մտադիր է ձեռք բերել GNC-Alfa ընկերության բաժնետոմսերի 100%-ը
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «Վիվա Արմենիա» ՓԲԸ–ն մտադիր է ձեռք բերել GNC-Alfa (ապրանքանիշը՝ OVIO) ընկերության կանոնադրական կապիտալը կազմող 100 տոկոս բաժնետոմսերը։ Այս հարցը ներառված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժղովի (ՀԾԿՀ) այսօրվա նիստում։
Որոշման նախագծի մեջ նշվում է, որ GNC-Alfa ընկերությունը 2025թ․–ի մայիսի 7–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որի համաձայն՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ–ն մտադիր է ձեռք բերել ընկերության կանոնադրական կապիտալը կազմող 100 տոկոս բաժնետոմսերը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ուղղված հանձնաժողովի մայիսի 12–ի գրությանն ի պատասխան՝ վերջինս հունիսի 26–ի գրությամբ հայտնել է, որ գործարքի կնքման վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում առարկություններ չունի՝ գրությանը կից ներկայացնելով հայտի առնչությամբ ազգային անվտանգության շահերին սպառնալու տեսանկյունից առարկություններ չունենալու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության դիրքորոշումը։
ՀԾԿՀ նախագծի համաձայն, հայտի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բացակայում են «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված՝ գործարքի կնքման համաձայնեցման մերժման հիմքերը։
GNC-ALFA-ի մասին
2009 թվականին «Ռոստելեկոմ»-ը մուտք գործեց Հայաստանի հեռահաղորդակցության շուկա՝ GNC-ALFA ապրանքանիշի ներքո։ Նրա հայկական դուստր ձեռնարկությունը, 2024 թվականի նոյեմբերի 28-ին վերաբրենդավորումից հետո, գործում է OVIO ապրանքանիշի ներքո։
Viva ընկերության մասին
«Վիվա» ընկերությունը (Վիվա Արմենիա ՓԲԸ, նախկինում՝ «ՎիվաՍել») գործունեության լիցենզիա է ստացել 2004 թվականին։ 2007 թվականի սեպտեմբերին, բաժնետոմսերի 80%-ը վաճառելուց հետո, ընկերությունը դարձավ ռուսական «Мобильные ТелеСистемы» (ՄՏՍ) ընկերության դուստր ձեռնարկությունը։ 2008 թվականին իրականացված քոբրենդինգի արդյունքում ընկերության տարբերանշանը փոխվեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի։
2024 թվականի հունվարին Viva-ն հայտարարեց սեփականատիրոջ փոփոխության մասին և դուրս եկավ ռուսական ՄՏՍ խմբից։
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի նոր բաժնետերը Կիպրոսում գրանցված Fedilco Group Limited ընկերությունն է, որի վերջնական շահառուներն են Չժե Չժանը և Կոնստանտին Սոկոլովը։
2024 թվականի փետրվարի 29-ին Հայաստանի կառավարությունը Fedilco Group Limited-ից որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20%–ը։ Այսօր ընկերությունն ունի սպասարկման լայն ցանց՝ 74 սպասարկման կենտրոն Երևանում և մարզերում, որտեղ նաև գործում են ՄոբիԴրամի մասնաճյուղեր։