USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Tesla-ի տնօրենների խորհուրդը հայտնել է, որ Մասկը կարող է հեռանալ գործադիր տնօրենի պաշտոնից

06.11.2025, 16:20
«Tesla»-ի բաժնետերերն այսօր կքվեարկեն՝ Մասկին մինչև 878 միլիարդ դոլար վճարել ընկերության բաժնետոմսերի տեսքով, թե՞ վտանգել նրա հեռանալը, ինչը կարող է նվազեցնել «Tesla»-ի բաժնետոմսերի արժեքը
Tesla-ի տնօրենների խորհուրդը հայտնել է, որ Մասկը կարող է հեռանալ գործադիր տնօրենի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Tesla ընկերության տնօրենների խորհուրդը հայտնել է, որ Իլոն Մասկը կարող է հեռանալ պաշտոնից, եթե ներդրողները մերժեն նրա գրեթե մեկ տրիլիոն դոլար արժողությամբ փոխհատուցման փաթեթը։ Այս մասին  հաղորդում է Reuters-ը։

Այժմ տնօրենների խորհուրդը իր բոլոր խաղադրույքները դրել է Իլոն Մասկի վրա. ներդրողները պետք է որոշեն՝ արդյո՞ք աջակցեն ընկերության պատմության մեջ ամենամեծ խաղադրույքին։

«Tesla»-ի բաժնետերերն այսօր կքվեարկեն՝ Մասկին մինչև 878 միլիարդ դոլար վճարել ընկերության բաժնետոմսերի տեսքով, թե՞ վտանգել նրա հեռանալը, ինչը կարող է նվազեցնել «Tesla»-ի բաժնետոմսերի արժեքը։

Մասնագետների կարծիքով, որոշումը հավասարազոր է հանրաքվեի՝ այն մասին, թե արդյոք ավանդական կորպորատիվ կառավարման կանոնները կիրառելի են աշխարհի ամենահարուստ մարդու համար։

Խորհուրդը և շատ ներդրողներ պնդում են, որ միայն Մասկը կարող է կատարել իր խոստումները՝ Tesla-ն վերածել արհեստական ​​բանականության հսկայական հզորության, որը կմատակարարի միլիոնավոր ինքնավար ռոբոտաքսիներ և մարդակերպ ռոբոտներ։ Եթե Մասկը տասը տարվա ընթացքում հասնի խորհրդի բոլոր ցուցանիշներին, Tesla-ի շուկայական արժեքը կհասնի 8.5 տրիլիոն դոլարի, որի բաժնետոմսերի մոտ մեկ քառորդը կպատկանի Մասկին։

Նշենք, որ Tesla-ն բացել է ռոբոտաքսի պատվիրելու հավելվածի հասանելիությունը լայն հասարակության համար։

Ինչպես ասված է ամերիկյան էլեկտրամեքենաներ արտադրողի X սոցիալական ցանցում արված հաղորդագրության մեջ, հունիսի վերջին Tesla-ն գործարկել էր ռոբոտաքսի ծառայությունը Օսթինում (Տեխաս նահանգ)։ Առաջին ուղևորությունների հրավեր ուղարկվել էր ընտրված մի խումբ անձանց, և մինչ այժմ ծառայությունը հասանելի էր միայն սահմանափակ թվով ներդրողների ու ինֆլուենսերների։ Ռոբոտաքսին կիրառում է սովորական Model Y մեքենաներ, որոնք համալրված են տեսախցիկներով և սենսորներով։ Անցյալ տարի ներկայացված լիովին ինքնավար Cybercab էլեկտրամեքենան դեռ գտնվում է մշակման փուլում։ Tesla-ն նշել է, որ ռոբոտաքսու ուղևորությունները թույլատրվում են միայն 18 տարեկանից բարձր անձանց, իսկ մեքենաներում արգելվում է գտնվել 13 տարեկանից ցածր երեխաներին, նույնիսկ եթե նրանց ուղեկցում են մեծահասակներ։

Նշենք, որ Tesla Motors ընկերությունը ստեղծվել է 2003 թ.-ին, որի հիմնադիրը և տնօրենը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված կանադա-ամերիկացի գործարար, ճարտարագետ, գյուտարար և ներդրող Իլոն Մասկն է։

Ընկերությունը անվնակոչվել է ի հիշատակ էլեկտրական հոսանքի առաջին հետազոտողներից մեկի՝ Նիկոլա Տեսլայի։