Սմարթֆոնների շուկան 2026թ.-ին կգրանցի պատմության մեջ վաճառքի ամենամեծ անկումը հիշողության չիպերի թանկացման պատճառով
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/.Սմարթֆոնների համաշխարհային շուկան պատրաստվում է կրել պատմության մեջ իր ամենամեծ անկումը 2026 թվականին՝ մատակարարումների ծավալով իջնելով վերջին տասնամյակի նվազագույն մակարդակին, գրում է Reuters-ը։
Պատճառը հիշողության չիպերի գների կտրուկ աճն է, որը հանգեցնում է սարքերի ինքնարժեքի բարձրացմանը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է International Data Corporation (IDC) հետազոտական ընկերությունը՝ նշելով, որ սմարթֆոնների մատակարարումներն, ըստ կանխատեսումների, կնվազեն 12.9%-ով՝ հասնելով 1.12 միլիարդ միավորի։
Նշվում է, որ անկումն ամենածանրը կհարվածի էժանագին Android սմարթֆոններ արտադրողներին, մինչդեռ Apple-ը և Samsung-ը հնարավորություն կունենան մեծացնել իրենց շուկայական մասնաբաժինը, քանի որ փոքր մրցակիցները կբախվեն լուրջ դժվարությունների կամ ընդհանրապես կլքեն շուկան։
Տեխնոլոգիական հսկաների (Meta, Google, Microsoft) կողմից արհեստական բանականության (AI) ենթակառուցվածքների արագ զարգացումը կլանել է հիշողության չիպերի պաշարների մեծ մասը։ Արտադրողները նախապատվությունը տալիս են ավելի եկամտաբեր տվյալների կենտրոնների (data centers) բաղադրիչներին, քան սպառողական սարքերին, ինչն էլ բարձրացրել է գները։
Հիշողության չիպերը (DRAM) վճռորոշ նշանակություն ունեն սմարթֆոնների համար, քանի որ դրանք ապահովում են «ծանր» հավելվածների անխափան աշխատանքը։
Վերլուծաբանները նշում են, որ բաղադրիչների թանկացումը բյուջետային սարքեր արտադրող ընկերություններին կստիպի ծախսերը փոխանցել սպառողների վրա հենց այն պահին, երբ բարձր գնային սեգմենտում պահանջարկը թուլանում է։
IDC-ի փոխանցմամբ՝ Apple-ը և Samsung-ը, ունենալով ավելի ամուր ֆինանսական հաշվեկշիռ և պրեմիում դիրքավորում, ավելի լավ վիճակում են։
Կանխատեսվում է, որ այս տարի սմարթֆոնների վաճառքի միջին գինը կաճի 14%-ով՝ հասնելով ռեկորդային 523 դոլարի, քանի որ արտադրողները անցում են կատարում դեպի ավելի թանկ մոդելներ՝ փոխհատուցելու աճող ծախսերը։
IDC-ն 2027 թվականին ակնկալում է համեստ՝ 2% վերականգնում, իսկ 2028-ին՝ 5.2% աճ, թեև նշվում է, որ շուկան դժվար թե վերադառնա նախկին ցուցանիշներին։