Ներքին արտադրությամբ այդ կարիքը համալրել տեխնիկապես հնարավոր չէր. ԲՏԱ նախարարը՝ V-BAT տեսակի ԱԹՍ-ների մասին
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է ամերիկյան Shield AI ընկերության արտադրած V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը և հայտնել, որ ներքին արտադրությամբ այդ կարիքը համալրելը տեխնիկապես հնարավոր չէր։
Նշենք, որ փետրվարի 9–ին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր։
«Shield AI ընկերության արտադրած V-BAT տեսակի ԱԹՍ-ներ ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները չեն արտադրում: Եթե արտադրեին, բնականաբար, հարց չէր էլ ծագի տեխնոլոգիական նմանատիպ լուծումներով որևէ ապրանք գնելու, ներմուծելու համար», – նշեց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ դրա առաջին շահառուն ու շահագրգիռ կողմը նախևառաջ ԲՏԱ նախարարությունն է, որի մանդատի շրջանակում է խրախուսել հենց տեղական արտադրանքի սպառումը կամ պետության կողմից տեղական ռազմարդյունաբերողներին պատվերի իջեցումը:
«Սակայն մենք պետք է «ադեկվատ» և առողջ դատենք, գնահատենք նաև մեր սեփական կարողությունները՝ ընդունելով, որ դեռևս երկար ճանապարհ կա անցնելու աշխարհում մրցունակ պրոդուկտներ արտադրելու համար», – ընդգծեց նախարարը:
Նրա խոսքով՝ Shield AI ընկերության կողմից արտադրվածն աշխարհում լավագույնների ցանկում է, և այժմ կարևոր մի նոր էջ է բացվում հենց Shield AI ընկերության հետ արդեն ոչ թե ՊՆ-ի, այլ հենց ԲՏԱՆ-ի համար:
«Սա արդեն տվյալ գործակցության շրջանակում հավելյալ կարողունակություններ ՀՀ ներմուծելու մասին է հենց արտադրության, հետազոտության համատեքստում», – ասաց Հայրապետյանը։