USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀԾԿՀ–ն հավանություն տվեց «Վիվա Արմենիա» ընկերության կողմից GNC-Alfa –ի բաժնետոմսերի 100%–ի ձեռք բերման գործարքին

02.07.2025, 14:02
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում համաձայնություն տվեց GNC-Alfa ընկերության (ապրանքանիշը՝ OVIO) բաժնետոմսերի վաճառքի գործարքին
ՀԾԿՀ–ն հավանություն տվեց «Վիվա Արմենիա» ընկերության կողմից GNC-Alfa –ի բաժնետոմսերի 100%–ի ձեռք բերման գործարքին

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում համաձայնություն տվեց GNC-Alfa ընկերության (ապրանքանիշը՝ OVIO) բաժնետոմսերի վաճառքի գործարքին:

2025 թվականի հուլիսի 2-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն տվեց GNC-Alfa ՍՊԸ–ի կանոնադրական կապիտալը կազմող 100 տոկոս բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» ՓԲԸ–ին վաճառելու գործարքի կնքմանը։ 

««ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՍՊԸ-ն Հայաստանում ներկայացնում է «Օվիո» ապրանքանիշը։ Հնարավոր գործարքի կնքման համար սահմանվել է վեցամսյա ժամկետ՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից»,– նշվում է ՀԾԿՀ–ի Facebook–յան էջում։ 

Որոշման նախագծի մեջ նշվում է, որ GNC-Alfa ընկերությունը 2025թ․–ի մայիսի 7–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որի համաձայն՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ–ն մտադիր է ձեռք բերել ընկերության կանոնադրական կապիտալը կազմող 100 տոկոս բաժնետոմսերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ուղղված հանձնաժողովի մայիսի 12–ի գրությանն ի պատասխան՝ վերջինս հունիսի 26–ի գրությամբ հայտնել է, որ գործարքի կնքման վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում առարկություններ չունի՝ գրությանը կից ներկայացնելով հայտի առնչությամբ ազգային անվտանգության շահերին սպառնալու տեսանկյունից առարկություններ չունենալու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության դիրքորոշումը։

ՀԾԿՀ նախագծի համաձայն, հայտի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բացակայում են «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված՝ գործարքի կնքման համաձայնեցման մերժման հիմքերը։

GNC-ALFA-ի մասին

2009 թվականին «Ռոստելեկոմ»-ը մուտք գործեց Հայաստանի հեռահաղորդակցության շուկա՝ GNC-ALFA ապրանքանիշի ներքո։ Նրա հայկական դուստր ձեռնարկությունը, 2024 թվականի նոյեմբերի 28-ին վերաբրենդավորումից հետո, գործում է OVIO ապրանքանիշի ներքո։

Viva ընկերության մասին

«Վիվա» ընկերությունը (Վիվա Արմենիա ՓԲԸ, նախկինում՝ «ՎիվաՍել») գործունեության լիցենզիա է ստացել 2004 թվականին։ 2007 թվականի սեպտեմբերին, բաժնետոմսերի 80%-ը վաճառելուց հետո, ընկերությունը դարձավ ռուսական «Мобильные ТелеСистемы» (ՄՏՍ) ընկերության դուստր ձեռնարկությունը։ 2008 թվականին իրականացված քոբրենդինգի արդյունքում ընկերության տարբերանշանը փոխվեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի։

2024 թվականի հունվարին Viva-ն հայտարարեց սեփականատիրոջ փոփոխության մասին և դուրս եկավ ռուսական ՄՏՍ խմբից։

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի նոր բաժնետերը Կիպրոսում գրանցված Fedilco Group Limited ընկերությունն է, որի վերջնական շահառուներն են Չժե Չժանը և Կոնստանտին Սոկոլովը։

2024 թվականի փետրվարի 29-ին Հայաստանի կառավարությունը Fedilco Group Limited-ից որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20%–ը։ Այսօր ընկերությունն ունի սպասարկման լայն ցանց՝ 74 սպասարկման կենտրոն Երևանում և մարզերում, որտեղ նաև գործում են ՄոբիԴրամի մասնաճյուղեր։