Firebird-ը ստացել է ԱՄՆ-ից Հայաստան NVIDIA-ի գրաֆիկական պրոցեսորների արտահանման լիցենզիա
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ-ում գործող Firebird ԱԲ ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը ԱՄՆ կառավարությունից ստացել է NVIDIA-ի գրաֆիկական պրոցեսորների արտահանման թույլատվություն: Այս մասին գրում է Presswire-ը։
NVIDIA-ի կողմից դեռ հունիսին էր հայտարարվել, որ այս ջանքերը տարածաշրջան կբերեն առաջին խոշորածավալ արհեստական բանականության տվյալների կենտրոնը։
100 մեգավատտ հզորությամբ օբյեկտը՝ սկզբնական 500 միլիոն դոլարի ներդրմամբ, կօգտագործի Dell Technologies Inc-ի արհեստական բանականության սերվերներ և Blackwell NVIDIA-ի պրոցեսորներ։
Առաջին փուլը նախատեսվում է գործարկել հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում։ Սա բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջան բերել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգչային ենթակառուցվածք։ Այն բացում է ԱՄՆ-Հայաստան համագործակցության նոր էջ առաջատար տեխնոլոգիաների, նորարարության և ԱԲ ոլորտի առաջընթացում։
Firebird-ի ապագա կենտրոնները կմատակարարեն կայուն և բարձր արդյունավետությամբ ԱԲ ենթակառուցվածք՝ հիմնված ամերիկյան տեխնոլոգիական շղթայի և ԱՄՆ չափանիշների վրա՝ սպասարկելով զարգացող շուկաները։
«Մեր տեսլականն է՝ առաջադեմ ԱԲ-ն հասանելի դարձնել բոլորի համար։ Մենք կառուցում ենք այն տեխնոլոգիական հիմքը, որն ամենուրեք հնարավորություն է տալու ինժեներներին, հետազոտողներին և ստեղծարար մարդկանց աշխատել համաշխարհային մակարդակի գործիքներով», - նշեց Firebird-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը։
Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն էլ հավելեց, որ Հայաստանում ձևավորվում է ժամանակակից թվային և ԱԲ էկոհամակարգի հիմքեր, ինչը կարող է բարձրացնել տեղական մասնագիտական ներուժը և ներգրավել գլոբալ նորարարություն։
«Այս ջանքերը արտացոլում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ամուր պետական-մասնավոր գործընկերությունը և հանդիսանում փոխադարձ վստահության և տեխնոլոգիական առաջընթացի վրա կառուցված համագործակցության մոդել», - նշեց Եսայանը:
Այս զարգացումները հաջորդում են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը՝ էլ ավելի խորացնելով համագործակցությունը տեխնոլոգիաների, նորարարության և անվտանգ առևտրի ոլորտներում։
Firebird-ի նախաձեռնությունը արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ խթանելու նորարարությունը, ուժեղացնելու տնտեսական դիմակայունությունը և զարգացնելու տեխնոլոգիական առաջընթացը։