Apple-ը պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը։
Դեսպանության հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 20-ին այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ։
Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները և Apple-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն Apple-ի պատվիրակության՝ առաջիկայում Հայաստան գործուղման մասին։
Հանդիպման ընթացքում դեսպանն ամփոփ ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված ՀՀ-ԱՄՆ ԱԲ-ի և կիսահղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ջ. Լունդգարդին՝ Apple-ի առաջին կրթական ծրագիրը Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում (ACT) գործարկելու համար։ Կողմերն ընդգծել են կրթական ծրագրի ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանք կատարելու իրենց պատրաստակամությունը։