DIGITEC ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետը շրջեց ցուցահանդեսային ողջ տարածքում, ծանոթացավ հայկական ՏՏ-ընկերությունների տաղավարներում ներկայացված բոլոր մշակումներին: Նա նաև համաձայնագիր ստորագրեց Microsoft-ի հայկական ներկայացուցչության հետ՝ կորպորացիայի կողմից Հայաստանին տեղեկատվական անվտանգության ապահովման հարցում օժանդակության ցուցաբերման մասին։
DigiTec 2009-ի հետաքրքիր միջոցառումների և նորույթների թվում կարելի է նշել Հայաստանում կեղծված սկավառակների ոչնչացման՝ Microsoft-ի կազմակերպած ակցիան, որն անցկացվել է՝ հաշվի առնելով Հայաստանում առկա համակարգչահենության բարձր մակարդակը և նպատակաուղղված էր ծրագրային չարտոնագրված ապահովման դեմ պայքարին:
Կորպորացիան ակցիայի շրջանակներում մասնակիցներին տրամադրել է Windows 7-ի փորձնական տարբերակի ավելի քան 100 սկավառակ, ինչպես նաև ավելի քան 50 հուշանվեր՝ ընկերության ապրանքանշանով, այդ թվում՝ փուչիկներ: Դա, անշուշտ, շատ զարմացրեց հայ «հնարամիտներին», ովքեր հատուկ գնում կամ տանը սկավառականեր էին կրկնօրինակում ոչ լիցենզավորված սոֆթով` Microsoft-ի լիցենզիոն սկավառակ ստանալու համար։
Մեկ այլ հետաքրքիր նորույթ էր Ucom ընկերության շնորհանդեսը, որը ներկայացրեց Հայաստանի համար նոր որակյալ ու մատչելի IP հեռուստատեսության, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ-հասանելիության հնարավորությունները: Տեխնոլոգիաները հիմնված են Ericsson-ի սարքավորման վրա, որն առաջին անգամ աջակցություն է ցուցաբերում տարածաշրջանի լայնաշերտ ցանցի կառուցմանը։
Ցուցահանդեսին ներկա Ericsson ընկերության փոխնախագահ Յան Քեմպբելը նշեց, որ Հայաստանը հնարավորություններ է ձեռք բերում համաշխարհային տեղեկատվական ցանցերին, լայնաշերտ ինտերնետ-հասանելիությանը միանալու համար, որոնք ներկայացնում են Ericsson տեխնոլոգիաները։
Նա նշեց նաև, որ Ericsson ընկերությունը պատրաստ է հետագայում նույնպես ընդլայնել իր գործունեությունը և ներկայությունը Հայաստանում:
Ցուցահանդեսի հետաքրքիր լուծումների թվում կարելի է նշել էլեկտրական ցանցերի միջոցով ինտերնետի փոխանցման հնարավորությունները, որոնք ներկայացրեց ADC ինտերնետ-պրովայդերը։ Տեխնոլոգիան ենթադրում է Ինտերնետ-միացում հատուկ մոդեմի միջոցով էլեկտրաէներգիայի աղբյուրին և դեռևս գտնվում է փորձարկման փուլում։
Ցուցահանդեսի մասնակիցները ծանոթացան նաև Գյումրիում տեխնոպարկի զարգացման ծրագրերի ընթացքին, «Համակարգիչ բոլորի համար» փորձնական ծրագրի ընթացքի հնարավորություններին։
ADC ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Ավետիք Քալանթարյանի կարծիքով` DigiTec ցուցահանդեսը հիանալի հնարավորություններ է բացում Հայաստանի ՏՏ ոլորտի համար։
«Մենք այս ցուցահանդեսը շատ կարևորում ենք և ողջունում ենք դրա կազմակերպիչների նախաձեռնությունը։
Այս տարի ցուցահանդեսն աննախադեպ էր իր հաջողությամբ, քանի որ բոլոր մասնակից ընկերությունները նոր արտադրանք ներկայացրեցին»,- ասաց Քալանթարյանը։
Ըստ նրա` ընկերություններն իսկապես զարգացնում են իրենց տեխնոլոգիական բազաները, տրամադրվող ծառայությունների մակարդակն ու տեսականին։
Իր հերթին Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ասաց, որ ցուցահանդեսը մեծ նշանակություն ունի ՏՏ ոլորտի համար։
«Մեր երկրում կա ՏՏ ոլորտի առաջխաղացման պահանջ, որպեսզի ցուցադրենք այն հնարավորությունները, որոնք կարեղ են բացել տեղեկատվական տեխնոլոգիաները մեր երկրում»,- ասաց Բարսեղյանը։
Ըստ նրա` ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում տեղական և օտարերկրյա ընկերություններին գիտակցելու, թե ինչպես կարող են իրենց լուծումներն ու ծրագրային ապահովումը օգնել` բարձրացնելու պետկառույցների և բիզնեսի արդյունավետությունը։ Ինչպես նաև ցույց տալ, թե ինչպես ՏՏ ոլորտի օգնությամբ կարելի է տանել երկիրը զարգացման նորարարական ուղիով դեպի տնտեսական աճ և բիզնեսի արդյուանվետության բարձրացում։
«Միանշանակ ցուցահանդեսը կարելի է հաջող համարել։ Հատկապես ճգնաժամի պայմաններում մենք բավականին լուրջ առաջընթաց ենք նկատում ինչպես քանականան, այնպես էլ որակական առումով»,- նշեց Բարսեղյանը։
Այս ցուցահանդեսն, իսկապես, կայացավ, թեկուզ այն պատճառով, որ ի տարբերություն նախորդ տարվա, երբ կազմակերպիչները լուրջ խնդիրներ ունեցան ցուցահանդեսի տարածքի հետ, և ցուցադրությունը բացվեց Epygi Labs ընկերության կիսակառույց շենքում, այս տարի ցուցահանդեսի տաղավարները տեղակայվեցին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի բարեկարգ շենքում։
Մյուս կողմից 15 տոկոսով աճել է ցուցահանդեսի մասնակիցների թիվը։ DigiTec Expo 2009-ն ընդգրկում էր 52 ՏՏ-ընկերություն, ինչպես նաև Start-up ընկերություններ, ինչը նրանց համար ճգնաժամի պայմաններում նման խոշոր միջոցառմանը ներկայացված լինելու բացառիկ հնարավորություն ստեղծեց։
Ցավոք, կային նաև թերություններ, մասնավորապես, ամբողջ ցուցահանդեսային տարածքը պետք է ապահովված լիներ Wi-Fi Ինտերնետով, որը տրամադրում էր ADC ընկերությունը, սակայն ցանցի խափանումների պատճառով ոչ բոլորը կարողացան օգտվել այդ ծառայությունից։ Խափքնումների ոչ պաշտոնական պատճառների թվում, մասնավորապես, նշվում էր FiberNet Communications մեծածախ ինտերնետ-պրովայդերի ցանցում տեղի ունեցած վթարը, ինչն ընկերությունում չհաստատեցին։
Ցուցահանդեսի մասնակիցների թվում բացակայում էին հարևան պետությունների ներկայացուցիչները, թեև կազմակերպիչները պատրաստ էին ֆինանսավորել տաղավարների վարձակալումը Թուրքիայի, Վրաստանի և Բելառուսի համար, սակայն բոլոր երեք երկրների ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել ցուցահանդեսին այս կամ այն պատճառով։
Այնուամենայնիվ, ամենակարևորին ցուցահանդեսի կազմակերպիչները հասան և հաջողությամբ հաստատեցին, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում Հայաստանում չկա գաղափարների, տեխնոլոգիական նորույթների, նորարարությունների և զարգացման, ինչպես նաև նոր ընկերությունների ստեղծման և նոր տեխնոլոգիաների ներդրման պակաս։
2009 թ.-ին ցուցահանդեսն անցկացվեց «Ձեր թվային ապագան» կարգախոսով:
Սկսած 2005 թ.-ից ամենամյա ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Ցուցահանդեսի տեղեկատավական հովանավորներն են Միջազգային տեղեկատվության «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը, «Պանորամա», «Banker.am», «Պանարմենիան», «Թերթ» տեղեկատվական կայքերը, «Երկիր Մեդիա» և «Արմ Նյուզ» հեռուստաալիքները, «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Ազգ», «Դելովոյ էքսպրես», «Կապիտալ», «Հայաստանի Հանրապետություն», «Իրավունք de facto» թերթերը: -0-