Viva-ն և «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ն ազդարարում են համագործակցության մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Նոր և այլընտրանքային տեխնոլոգիաները մարդկանց կարիքներին ծառայեցնելը շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել Viva-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագրերում: Այդ տրամաբանության շրջանակում` ազդարարվել է նոր համագործակցության մասին: Գործընկեր կազմակերպությունը «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ն է, որը 2017 թվականին սկսել է գործել որպես ներառական ամառային ճամբար, իսկ մեկ տարի անց վերափոխվել սոցիալ-վերականգնողական կենտրոնի: Կենտրոնի հմուտ բազմամասնագիտական թիմը ձգտել է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների համար, սակայն դեռևս առկա են չլուծված խնդիրներ: Viva-ի աջակցությամբ կլուծվի ևս մեկ կարևոր հարց:
«Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպության կենտրոնում տարեկան կտրվածքով սպասարկվում է 120 շահառու: Նրանցից 100-ը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈւ) կամ հաշմանդամություն ունեցող, իսկ 20-ը՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են: Շահառուներից յուրաքանչյուր երկրորդի մոտ առկա են զգայական խնդիրներ: Կենտրոնում իրականացվում են բազմապրոֆիլ սոցիալ-վերականգնողական թերապիաներ, սակայն անգնահատելի է համարվում զգայական ինտեգրման սենսորային սենյակի առկայությունը: Կենտրոնի մասնագետները ժամանակավոր և իրավիճակային լուծումներ են գտել. Էրգոթերապիայի սենյակում ձևավորել են զգայական ինտեգրմանը նպաստող միջավայր, որը, սակայն, չի կարող բավարար համարվել: Անհրաժեշտ համալիր միջոցների բացակայությունը պահանջում է իրերի անընդհատ տեղափոխություն, հանգեցնում է ժամանակի զգալի կորստի՝ կրճատելով արդյունավետության աստիճանը: Ազդարարվող համագործակցությունն ուղղված է հենց այդ խնդիրների լուծմանը:
Viva-ի աջակցությամբ՝ միջազգային փորձագետներն արդեն նախագծել են զգայական ինտեգրման սենսորային սենյակի հատակագիծը: Պատվիրվել և Հայաստան են բերվում անհրաժեշտ սարքավորումները՝ զգայական գործիքներով և թերապևտիկ լուծումներով հագեցած սենյակը ստեղծելու համար: Որպես պահեստ ծառայած անշուք սենյակն էլ կվերանորոգվի՝ պահանջված չափանիշներով:

«Երբ մենք ունենանք անհրաժեշտ սարքավորումներով հագեցած սենյակ, դա հնարավորություն կտա էապես փոխել շահառուների կյանքի որակը: Մենք նրանց կօգնենք զգայական խնդիրները հաղթահարել ոչ սթրեսային հոգեվիճակով, այլ ավելի հեշտ և ոչ ինքնուրույն կամ միայնակ: Նոր ստեղծվող սենյակի համար նախատեսվող յուրաքանչյուր աջակցող միջոց ունի իր առանձնահատուկ և կարևոր նշանակությունը: Դրանք կառավարելի, փոփոխություններ, կարգավորումներ ունեցող սարքավորումներ են, որոնք թույլ կտան ընտրել յուրաքանչյուր շահառուի կարիքներին համապատասխան լուսավորության, թրթռումների, լույսի ձայնի ինտենսիվության աստիճան, տակտիլային հպման զգացողությունների ինտենսիվության աստիճան: Viva-ի աջակցությամբ մենք հնարավորություն ենք ունենալու՝ ստեղծել մեզ համար այսքան տարիների բաղձալի սենյակը»,- ասել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ նախագահ Արփինե Աշոտյանը:

Արդյունքում՝ օգտվողները հնարավորություն կունենան ինքնուրույն, ըստ ցանկության, շատ արագ փոխելու միջավայրը՝ ձեռքի հպումով և ձայնային հրահանգներով հարմարեցնելով իրենց զգացողություններին: Պլանշետի վրա հիմնված ինտերֆեյսով՝ հնարավոր կլինի իրական ժամանակում փոփոխել սենյակի լուսավորությունը, ձայներն ու պատկերները: Ինտերակտիվ զգայական կառավարման շնորհիվ՝ սենյակը կարող է ստանալ ստորջրյա իրականության, տիեզերքի կամ բնություն տեսք, ապահովել արկածային միջավայր, մեծացնել երեխաների ներգրավվածությունը: Նոր և այլընտրանքային տեխնոլոգիաների շնորհիվ, որոնցից մեկն էլ աչքի բիբով կառավարվողն է (Tobii eye tracking), հնարավոր կլինի աչքերի միջոցով և առանց խոսքի ընտրել և կառավարել այս կամ այն սարքը, արտահայտել սեփական ցանկություններն ու զգացումները: Դա բացառիկ հնարավորություն է ձեռքի նուրբ շարժումների և կոորդինացիային սահմանափակումներ, հաղորդակցման դժվարություններ ունեցող անձկանց համար։