Ucom-ը մրցութային կարգով աշխատանքի է ընդունել Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Այսօր Ucom ընկերության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Տեղեկատվական և հեռահաղորդակցական ժամանակակից ցանցային տեխնոլոգիաներ» դասընթացը հաջողությամբ հաղթահարած ուսանողներն ավարտական հավաստագրեր ստացան:
Լավագույններն արդեն աշխատում են Ucom ընկերության տեխնիկական վարչության մի շարք ստորաբաժանումներում։
Աշխատանքի ընդունված Ucom լաբորատորիայի 15 լավագույն սաները սերտել են 12 դասից բաղկացած ցանցային տեխնոլոգիաներին վերաբերող բազային գիտելիքները։ Ավարտական քննությունը հաջողությամբ հաղթահարել են 11 հոգի, որոնցից 9-ը մարտ ամսվանից աշխատանքի են անցել Ucom ընկերության տեխնիկական վարչության մոնիտորինգի և տեխնիկական աջակցման ստորաբաժանումներում։
«Ucom-ը շարունակում է գործակցությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ կադրերի պատրաստման առումով։ Օրեր առաջ ավարտվեց Ucom լաբորատորիայի դասընթացն ուսանողների արդեն երկրորդ խմբի համար։ Մոտ 65 հոգուց ընտրվեցին 17-ը, քննությունը հաջողությամբ հաղթահարեցին 16-ը։ Մեր մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունն այսօրվանից կսկսի հարցազրույցների գործընթացը։ Լավագույնները կրկին կհամալրեն մեր գործընկերների շարքերը», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Ucom-ը պատրաստ է ամեն տարի թվով 20 շրջանավարտի իր մոտ աշխատանքի ընդունել, ապա սա վկայում է այն մասին, որ կրթական մակարդակը մեզ մոտ որակյալ է», - նշեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը։
Ըստ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի, ուսանողների աշխատանքի ընդունումը հեռահաղորդակցական ընկերությունում լուրջ մոտիվացիա է ոչ միայն ուսանողների, այլ նաև դիմորդների համար
«Հավաստագրերը հաստատել են մեր համատեղ աշխատանքի արդյունավետությունը, որն ուղղված է բարձրագույն ուսումնական հաստատության և գործատուի համագործակցության շրջանակում պրոֆեսիոնալ կադրերի ձևավորմանը», – ասաց նա։
Ռեկտորը նշեց, որ մրցույթը բաց էր, ու օպերատորի կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացներին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները:
«Դասընթացի ավարտին ուսանողները թեստավորում են անցնում, ինչից հետո` հարցազրույց ընկերության ղեկավարության հետ, որը և լուծում է աշխատանքի տեղավորման հարցը», - ասաց նա:-0-