Ucom–ի աջակցությամբ Հայաստանում կանցկացվի «ԱրմՌոբոտիքս» 11–րդ մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսիկ./ԱՌԿԱ/. Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է ռոբոտների 11-րդ առաջնության` «ԱրմՌոբոտիքս»–ի մասնակցության հայտերի ընդունումը, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Նա նշեց որ մրցույթի մասնակիցները թիվը տարեցտարի ավելանում է։
«Մրցույթն իրենից ներկայացնում է մի հարթակ պատանի տաղանդների համար, ովքեր նոր են սկսում իրենց ճանապարհը գիտության մեջ, և որոնց պրոֆեսիոնալ կայացման համար անհրաժեշտ են նման ձևաչափեր», – հայտարարեց Վարդանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ մրցույթի գլխավոր հովանավորն է Ucom հեռահաղորդակցական ընկերությունը, հովանավորն է նաև World Vission Armenia ընկերությունը։
«Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ առանցքային նշանակություն ունեն այն բոլոր նախագծերը, որոնք կապված են ինժեներական մտածողության, ծրագրավորման և ռոբոտաշինության հմտությունների զարգացման հետ։ Մեր խորին համոզմամբ հենց այսպիսի պատանիները կկարողանան լրացնել աշխարհի մակարդակով ՏՀՏ ոլորտում 3 մլն մասնագետների պահանջարկը», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան պատանիները՝ ներկայացնելով իրենց ռոբոտների նկարագիրն ու գաղափարները: Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 11-ն է: Եզրափակիչ փուլը կանկացկացվի սեպտեմբեր ամսին: Մասնակիցները իրենց ստեղծած ռոբոտները կներկայացնեն ժյուրիի մասնագիտացված անդամներին, լավագույնները կարժանանան դրամական պարգևի Ucom-ի և World Vision Armenia–ի կողմից։
«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008թ-ից ԻՏՁՄ-ի կողմից:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000 թ.–ին ՏՏ ոլորտի ընկերությունների տնտեսական շահերը պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ–ոլոտում հետազոտությունները խրախուսելու նպատակով։
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–