Ucom-ի աջակցությամբ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է հիմնվել նաև Արցախում
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 7-ին Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում (ԱՏՏԿ), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության աջակցությամբ, բացվել է Արցախի առաջին (իսկ ՀՀ ամբողջ տարածքում` 131-րդ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։
Նախաձեռնությունն իրականացվում ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ ըստ որի Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում՝ ուղղված հայ դպրոցականների տեխնոլոգիական կրթության բարելավմանը:
«Արմաթ» լաբորատորիայի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, ԱՏՏԿ հիմնադրամի տնօրեն Նարինե Ասծատրյանը, Արցախի կառավարության ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հանդիսավոր բացման արարողության ժամանակ ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշել է, որ այս նախաձեռնությամբ ինժեներական կրթության տարիքը իջեցվում է մինչև 10 տարեկան, ինչը հայ դպրոցականներին ամենամրցունակն է դարձնում:
Չոբանյանը նաև հավելել է, որ տեխնոլոգիական 21-րդ դարում հաղթելու են այն երկրները, որոնք մտավոր ներուժով ամենաուժեղն են:
«Մեր երկրին, անշուշտ, անհրաժեշտ են և՛ տնտեսագետներ, և՛ բժիշկներ, իսկ մեր ընկերության համոզմամբ՝ նաև ինժեներներ, ովքեր կյանքի կկոչեն հայկական ռազմաարդյունաբերությունը: Այս նախագիծն առաջին անգամ ենք իրականացնում Արցախում, սակայն մեր ընկերության աջակցությամբ կբացվի ևս երկու լաբորատորիա, և ինժեներական մտքի զարգացման փորձն արդյունք կտա նաև Արցախում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիան գործում է անվճար հիմքունքներով և բաց է ինժեներությամբ հետաքրքրվող պատանիների համար:
Այստեղ դպրոցականները ձեռք կբերեն ժամանակակից տեխնոլոգիական կրթություն, ռոբոտաշինության և ծրագրավորման տարրական հմտություններ:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիայում միաժամանակ կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների խմբակավարների համար:
Լաբորատորիայում գործում է Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր։ Խմբակների աշակերտների համար կազմակերպվում է նաեւ ամառային նորարարական ճամբարներ, մրցույթներ և այլ միջոցառումներ:
ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ դեռևս 2013-ին «ԱրմՌոբոտիքսի» շրջանակում ռոբոտաշինության խմբակներ են ստեղծվել Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներում:
Միությունը ծրագրում է հովանավոր ընկերությունների և Կառավարության աջակցության շնորհիվ տեխնոլոգիական կրթության անվճար հնարավորություն ստեղծել բոլոր դպրոցականների համար: «Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող կրթական ծրագիրը հավակնում է դառնալ արդյունաբերության, մասնավորապես, ռազմարդյունաբերության վերածննդի հիմքը: Տարեցտարի հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ տեղական և միջազգային շուկայի համար:
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։
2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ –0–