USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Ucom–ը և Discovery Science-ը պարգևատրել են համատեղ համատեղ մրցույթի հաղթողներին

25.09.2017, 19:03
«Յուքոմ» հեռահաղորդակցային ընկերությունը երկուշաբթի ամփոփեց Discovery Science ճանաչողական, ժամանցային ալիքի հետ համատեղ կազմակերպած երիտասարդ գիտնականների և նորարարների մրցույթի արդյունքները։
Ucom–ը և Discovery Science-ը պարգևատրել են համատեղ համատեղ մրցույթի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յուքոմ» հեռահաղորդակցային ընկերությունը երկուշաբթի ամփոփեց Discovery Science ճանաչողական, ժամանցային ալիքի հետ համատեղ կազմակերպած երիտասարդ գիտնականների և նորարարների մրցույթի արդյունքները։

Հաղթողներ դարձան ապագայի հաղորդակցման միջոցների մասին լավագույն գաղափարի հեղինակներ Սամսոն և Հրանտ Հայրապետյանները, ովքեր կմեկնեն Նիդեռլանդներ և կայցելեն Ամստերդամում Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ։

Ռուսաստանաբնակ Հայրապետյան եղբայրներն իրենց ամառային արձակուրդը Հայաստանում են անցկացրել: Մրցույթի մասին տեղեկանալով՝ երեք գաղափար են ներկայացրել, որոնցից ժյուրիի անդամներին առավելապես տպավորել է խուլ ու համրերի համար նախատեսված սարքը:

«Սարքը ձեռքին են կրում այնպես, որ այն կարողանա ձեռքի շարժումները վերարտադրել ձայնային տարբերակով, իսկ ձայնը հոլոգրաֆիկ տեսախցիկի օգնությամբ փոխակերպել տեսատարբերակի: Մրցույթի ժյուրիի առանձնահատուկ ուշադրությանը և շնորհակալագրի է արժանացել 12-ամյա գյումրեցի Նարեկ Հարությունյանի եռաչափ հաղորդակցման մասին գաղափարը: Նարեկը «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան է»,– հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Նարեկի խոսքով, ապագայում մարդիկ կունենան այնպիսի սարք, որը թույլ կտա Երևանում գտնվող մեկին և, օրինակ, Փարիզում բնակվող մեկ ուրիշի հանդիպել միմյանց աշխարհի ցանկացած կետում: Սարքը թույլ կտա տեսնել իրար, օրինակ, Գերմանիայի սրճարաններից մեկում:

«Ucom ընկերությունը շարունակական աջակցություն է ցուցաբերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին, որոնց ներուժն իսկապես մեծ է: Ուրախ եմ, որ նման միջազգային մրցույթներում «Արմաթ»-ի սաներն ապացուցում են իրենց մրցունակությունը և դրվատանքի են արժանանում», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ժյուրիի անդամներին տպավորել է նաև «Այբ» դպրոցի բարձր դասարանների աշակերտներ Անի Ազնաուրյանի, Արեն Ազնաուրյանի և Դավիթ Աբրահամյանի մշակած և հետաքրքիր տեսահոլովակի միջոցով ներկայացված գաղափարը: Ըստ պատանի գիտնականների, ապագայի հաղորդակցումը կկատարվի այնպիսի ցանցի միջոցով, որը չի ստեղծի բնապահպանական խնդիրներ, կօգտագործի արևային էներգիայի հզորությունը, կարտադրի թթվածին ու կնպաստի կանաչ տարածքների ընդլայնմանը:

Վերջին երկու նախագծերի հեղինակներն ստացել են խրախուսական մրցանակներ և շնորհակալագրեր:

Ընկերությունից հիշեցնում են, որ մրցույթին կարող էին մասնակցել մինչև 16 տարեկան բարձր դասարանների աշակերտները: Նրանք պետք է վառ գաղափարներ ներկայացնեին այն մասին, թե ինչպես են մարդիկ միմյանց հետ հաղորդակցվելու ապագայում:

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–