USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Telecom Armenia–ն Nokia-ի հետ համատեղ ազդարարել է 25 Գբ/վ արագությամբ «Ապագայի ցանցի» մեկնարկի մասին, ներդրումները կազմում են 25մլն դոլար

03.07.2021, 01:08
Telecom Armenia հայկական հեռահաղորդակցական ընկերությունը Nokia-ի հետ համատեղ ազդարարել է 25 Գբ/վ արագությամբ «Ապագայի ցանցի» մեկնարկի մասին
Telecom Armenia–ն Nokia-ի հետ համատեղ ազդարարել է 25 Գբ/վ արագությամբ «Ապագայի ցանցի» մեկնարկի մասին,  ներդրումները կազմում են 25մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./ԱՌԿԱ/. Telecom Armenia հայկական հեռահաղորդակցական ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) Nokia-ի հետ համատեղ ազդարարել է 25 Գբ/վ արագությամբ «Ապագայի ցանցի» մեկնարկի մասին։

Ինչպես շնորհանդեսի ժամանակ, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, լրագրողներին նշեց Telecom Armenia–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ներդրումները գերազանցում են 25մլն դոլարը։

«Ցանցը դեռ ամբողջությամբ գործարկվել է Երևան Դավիթաշեն վարչական շրջանում, աշխատանքներ են տարվում Արաբկիրում, ինչից հետո մինչև 2022թ.–ի վերջ նախատեսվում է ապահովել ծածկույթ Երևանում և Հայաստանի մեծ մասում», – ասաց Եսայանը։

Նրա խոսքով, ծրագիրը տարածվելու է նաև այլ քաղաքներում և գյուղերում, որտեղ պահանջվում է շտապ արդիականացում, քաղաքներից վերազինման փուլում են Քաջարանը, Ջերմուկը և Հրազդանը։

Նրա խոսքով, Wi-Fi կապի հետ խնդիրները լուծելու համար ընկերությունը բաժանորդների բնակարաններում կկիրառի 6–րդ սերնդի նոր տեխնոլոգիաներ (9,6 Գբ/վ` 5–րդ սերնդի մոդեմների 3.5 Գբ/վ-ի համեմատ), որոնք թույլ կտան ուժեղացնել ազդակը` բաժանորդի կապը «տեղափոխելով» մի սարքից մյուսին` բջջային կապի ալեհավաքի նմանությամբ։

«Բաժանորդների մեծ մասը կապի որակից բողոքում է Wi-Fi սարքերի անորակության պատճառով: Օպերատորները մեծամասամբ դա չեն համարում իրենց խնդիրը։ Մենք այդ խնդիրը մեզ վրա ենք վերցնում։ Այն բաժանորդները, որոնք կվստահեն մեզ և կօգտվեն մեր տրամադրած Nokia Beacon սարքավորումներից, այլևս այս խնդիրը չեն ունենա», – ասաց Եսայանը։ 

Nokia-ի 25G-PON լուծումը գործում է աշխարհում նորարական 25GS-PON տեխնոլոգիայի հիման վրա՝ Lightspan սարքերի, 25G/10G օպտիկական քարտերի ու մանրաթելային մոդեմների օգտագործմամբ: Ընդ որում տարածաշրջանում նման ցանց չկա։ Այն գործում է միայն Բելգիայում։ 

Շնորհանդեսի ընթացքում Nokia Fixed Networks ընկերության տարածաշրջանային փոխտնօրեն Միկո Լավանթին նշեց, որ գերարագ լայնաշերտ ինտերնետը շատ կարևոր է պանդեմիայից հետո Եվրոպայի վերականգնման գործում:

«Եվ մենք այս հիանալի նախաձեռնության շրջանակում հպարտ ենք լինել «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր գործընկերն և երկիրը միավորել գերարագ լայնաշերտ կապով, որը թույն կտա տարատեսակ նոր ծառայություններ մատուցել, այդ թվում և տրամադրել բարձր մակարդակի բջջային կապ», – ասաց Լավանթին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն իր հերթին նշեց, որ նոր տեխնոլոգիաների գործարկումը մեծ նշանակություն ունի երկրի տնտեսության համար` առաջարկելով համեմատել գյուղական ճանապարհն ու ավտոստրադան։ 

«Սա չափազանց հեղափոխական լուծում է, որը թույլ է տալիս մարդկանց, տանը նստած, նվաճել աշխարհը, ինտերնետի բարձր արագության միջոցով։ Նման ենթակառուցվածքի առկայությունը կարող է լավ աղբյուր դառնալ տնտեսական աճի համար։ Դա կնպաստի նոր ընկերությունների ստեղծմանը, ինչը կհանգեցնի տնտեսական աճի», – ասաց Քերոբյանը։

NGN ցանցը ստորգետնյա հուսալի և անվտանգ ճանապարհով հասնում է մինչև Դավթաշեն վարչական շրջանի յուրաքանչյուր բազմաբնակարան շենք: Թաղամասի բնակարաններում հասանելի է առանձնացված օպտիկական մանրաթել (dark fiber), որը անմիջապես կկապի բաժանորդի սարքերը ընկերության սերվերների հետ: Իսկ հաճախորդի տանը Wi-Fi-ով նման մեծ արագություն ապահովելու համար ևս ընտրվել են ոլորտի առաջատար Nokia ընկերության սարքավորումները:

Նոր NGN ցանցի հիման վրա Telecom Armenia-ն գործարկում է Cosmo սակագնային փաթեթներ, որոնք ներառում են տան գերարագ ինտերնետ, IPTV և բջջային կապ: Սակագնային պլանները դեռևս հասանելի են միայն Դավիթաշենի բնակիչների համար։ Ստանալ տեղեկատվություն նոր փաթեթների և դրանց սակագների մասին կարելի է այստեղ:

«Team» հեռահաղորդակցական ընկերության (ապրանքանիշը` TEAM. Telecom Armenia) հիմնադիրներն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք եղել են Ucom ընկերության հիմնադիրներն ու երկար ժամանակ ղեկավարել են ընկերությունը։ Նոր ընկերությունը գրանցվել է 2020թ.–ի ապրիլի 20–ին «AllNet» անունով, հետո անվանափոխվել է «TEAM»–ի և ՀԾԿՀ–ից հեռահաղորդակցական ոլորտում գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել։

VEON Ltd հեռահաղորդակցական և ինտերնետ ծառայությունների ոլորտի համաշխարհային փրովայդերը 2020թ.–ի հոկտեմբերի 29–ին հայտարարեց, որ Team ընկերության հետ համաձայնագիր է կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) հայկական դուստր ընկերության վաճառքի մասին։ 2020թ.–ի նոյեմբերի 16–ին ընկերությունը հայտնեց, որ «ՎԵՈՆ Արմենիան» ստացել է նոր իրավաբանական անվանում` «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ։ Ընկերությունը դեռ կշարունակի հանդես գալ և ծառայություններ մատուցել Beeline ապրանքանիշի ներքո։–0–