USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Team Telecom–ը բաժնետոմսեր է տեղաբաշխում, ցանկացած մարդ կարող է դառնալ ընկերության բաժնետեր. գլխավոր տնօրեն

23.06.2023, 15:58
Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է դառնալ ընկերության լիիրավ բաժնետեր` ձեռք բերելով բաժնետոմսեր
Team Telecom–ը բաժնետոմսեր է տեղաբաշխում, ցանկացած մարդ կարող է դառնալ ընկերության բաժնետեր. գլխավոր տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. Team Telecom–ը բաժնետոմսեր է տեղաբաշխում. ցանկացած անձ կարող է դառնալ ընկերության բաժնետեր, հայտարարեց Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսաայնը IPO շուկա ընկերության դուրս գալուն նվիրված միջոցառման ժամանակ։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ–ն (ապրանքանիշը` Team Telecom Armenia) նախատեսում է տեղաբաշխել 8մլրդ 240մլն ընդհանուր արժեքով 40մլն բաժնետոմս։ Տեղաբաշխումը կիրականացվի այս տարվա հունիսի 7–ից հոկտեմբերի 31–ը։

«Այսօր մեր ընկերության և մեզ համար կարևոր օր է, քանի որ Հայաստանում առաջին անգամ հեռահաղորդակցական ոլորտի ընկերւթյունն իրականացնում է IPO։ Դա նշանակում է, որ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է դառնալ ընկերության լիիրավ բաժնետեր` ձեռք բերելով բաժնետոմսեր։ Այսօր մենք թողարկում ենք 8մլրդ 240մլն դրամ արժեքով 40մլն բաժնետոմս, և մեկ բաժնետոմսը կունենա մեկ ձայնի իրավունք», – ասաց Եսայանը։

Նա նշեց, որ ընկերությունը IPO է իրականացնում հիմա, քանի որ վերջին երկու տարում թիմը, իր աշխատանքի շնորհիվ, ապացուցեց, որ հնարավոր է ապահովել աճի բավականին բարձր տեմպեր ընկերությունում, որը շուրջ 110 տարի տրամադրում է հեռահաղորդակցական ծառայություններ Հայաստանում։

«Վերջին երկու տարում ունենալով միջինը 8-9% աճ` մենք որոշեցինք, որ հիմա ճիշտ ժամանակն է նոր միջոցներ գրավելու համար` արագ աճող ընկերություն ունենալու համար։ Ներգրավված միջոցներն ամբողջությամբ կներդրվեն կապիտալ ծախսերում, և մենք ավելի արագ կզարգացնենք օպտիկամանրաթելային ցանցը, ինչպես նաև 4G և 5G ցանցերի ծածկույթը։ Մենք կարևորում ենք երկրում լավ, արագ զարգացող հեռահաղորդակցության առկայությունը։ Համոզված եմ, որ առաջիկա տարիներին, կարճ ժամանակվա ընթացքում մենք կդառնանք ամենաառաջատարը, քանի որ այսօր իրականացվող տեխնոլոգիական լուծումները բավականին ժամանակակից են և ունեն բավականին արագ վերազինման հնարավորություն», – ասաց Եսայանը։

Նա նաև նշեց, որ դա այն ոլորտն է, որտեղ գրեթե չեն աշխատում փոքր և միջին ձեռներեցները։

«Այսինքն ցանկացած ներդրող, ով ուզում է ներդնել այս ոլորտում, ստանում է նման հնարավորություն։ Մենք ձևավորում ենք կապիտալի շուկա, այսինքն,մարդիկ ներդրում կատարելու հնարավորություն են ստանում` սկսած չնչին 40 հազար դրամից մինչև 8 մլրդ դրամ։ Ցանկացած մարդ ձեռք է բերում որոշակի շահույթ, այն կարող է լինել բաժնետոմսերի գնի աճի կամ դիվիդենտների տեսքով։ Կարծում եմ, որ դա շատ կարևոր է և կապիտալի շուկայի ձևավորման լրջագույն քայլերից է», – ասաց ընկերության գլխավոր տնօրենը։

Նա նշեց, որ շատ ընկերություններ պատրաստ չեն IPO–ի, քանի որ տեղաբաշխելիս անհրաժեշտ է բաց հասանելիությամբ ներկայացնել ամբողջ տեղեկատվությունը` ընդհուպ մինչև գլխավոր տնօրենների աշխատավարձեր։

«Այսինքն, մեր կյանքը բարդանում է, բայց միաժամանակ մենք դառնում ենք ավելի ուժեղ, քանի որ ընկերության համար պատասխանատուների թիվն ավելանում է։ Այդ պատճառով մենք հրավիրել ենք Վարչության խորհրդի երկու անկախ անդամի, այժմ մենք հինգով ենք, որոնցից երկուսը կապ չունեն ընկերության հետ, բաժնետեր չեն և չեն աշխատել ընկերությունում վերջին երեք տարում», – ասաց Եսայանը։

Ավելի վաղ Krisp–ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը և WEB ընկերության համահիմնադիր Ալբերտ Տոնեյանը դարձել էին Team Telecom Armenia–ի տնօրենների խորհրդի անկախ անդամներ։

Ինչ վերաբերում է ներդրողների կողմից վճարումներ ստանալուն և դիվիդենտներ վճարելուն, Եսայանը նշեց, որ գլոբալ տարբերություն չկա ավելի թանկ վաճառել բաժնետոմսերը կամ նույն գնի պահպանության դեպքում ստանալ դիվիդենտներ, հարցը հոգեբանական է։

«Այստեղ նաև կաևոր է` աճում է ընկերությունը, թե ոչ։ Ցանկացած չվճարված դիվիդենտ պոտենցիալ կերպով կրկնապատկում է մեծ թվով գումար աշխատելու հնարավորությունը։ Եթե հասկանանք, որ մեր շուկան այլևս աճելու տեղ չունի, դա կհանգեցնի դիվիդենտների վճարման, գումարն անիմաստ տեղը չենք պահի ընկերությունում։ Բայց եթե հնարավոր է այդ 1 դրամը ներդնել և ապագայում ավելի շատ գումար աշխատել, ապա վստահ եմ, որ ներդրողը ևս հետաքրքրված կլինի ապագայում կրկնապատկել գումարը», – ասաց Եսայանը։-0-