Team Telecom Armenia-ն և Ucom-ը մեկնաբանել են մի շարք վճարահաշվարկային ընկերությունների ծառայություններից հրաժարվելու թեման
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Team Telecom Armenia և Ucom հեռահաղորդակցության օպերատորները հանդես են եկել պարզաբանումներով՝ կապված վճարումների ընդունման կարգի փոփոխությունների ֆոնին մամուլում հայտնված և հանրային հնչեղություն ստացած մեկնաբանությունների ու գնահատականների հետ։
4 վճարահաշվարկային ընկերությունների հայտարարությունը
Ուրբաթ EasyPay, Idram, Telcell և Fast Shift ընկերությունները հայտարարել են, որ Viva Armenia, Team Telecom և Ucom հեռահաղորդակցական օպերատորների կողմից առաջարկված համագործակցության նոր պայմանները միակողմանի բնույթ են կրում և խաթարում են վճարային ծառայությունների մատուցման տնտեսական հիմքերը։
Ըստ նրանց գնահատականի՝ միջնորդավճարների կտրուկ նվազեցումն անհնար է դարձնում սպասարկման գործող ձևաչափի պահպանումը և արդեն իսկ հանգեցրել է օպերատորների կողմից պայմանագրերի միակողմանի լուծարման։ Վճարահաշվարկային ընկերությունները նախազգուշացնում են, որ փոփոխությունների ուժի մեջ մտնելու դեպքում հարյուր հազարավոր բաժանորդներ կարող են զրկվել վճարային հարմարավետ ծառայություններից, և հայտնում են կարգավորող մարմիններին դիմելու մտադրության մասին։
Team Telecom Armenia-ի հայտարարությունը
Ինչպես նշվում է Team Telecom Armenia ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Իդրամ» ՍՊԸ, «Իզի փեյ» ՍՊԸ և «Թել-Սել» ԲԲԸ վճարահաշվարկային ընկերությունների կողմից Team Telecom Armenia-ին առաջարկված պայմանները ենթադրում էին ծառայությունների համար էապես ավելի բարձր սակագներ, քան այն սակագները, որոնք նույն ընկերությունները կիրառում են, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ։
Team Telecom Armenia-ն գործընկերներին առաջարկել է համապատասխանեցնել սակագները շուկայում ներկայում գործող պայմաններին, այդ թվում՝ քննարկելով փուլային նվազեցման հնարավորությունը՝ փոխադարձ շահերի հաշվառմամբ։ Այդ առաջարկները ներկայացվել են հիմնավորված կերպով՝ շեշտադրելով շուկայական հավասարակշռության և արդար մրցակցային միջավայրի կարևորությունը։
Սակայն Team-ի կողմից ներկայացված առաջարկներին չի հետևել որևէ հիմնավորված հակադարձում կամ բացատրություն, թե ինչու են այլ ոլորտների ծառայություններ մատուցող ընկերությունների համար գործում ավելի ցածր սակագներ, մինչդեռ հեռահաղորդակցության ընկերության դեպքում կիրառվում են էապես տարբեր պայմաններ։
Team Telecom Armenia-ն շարունակում է համագործակցությունը բոլոր այն վճարահաշվարկային ծառայություններ տրամադրող գործընկերների հետ, որոնք գործում են ներկայիս շուկայական սակագներին համապատասխան արդար և թափանցիկ պայմաններով։
Միաժամանակ, կարևորելով իր բաժանորդների հարմարավետությունը, Team Telecom Armenia-ն վստահեցնում է, որ պատրաստ է շարունակելու վերոնշյալ վճարահաշվարկային ընկերությունների հետ համագործակցությունը փոխշահավետ և արդար շուկայական պայմանների առկայության դեպքում։
Ucom-ի հայտարարությունը
Ucom-ը ներկայացնում է իր դիրքորոշումը՝ ի պատասխան վճարումների ընդունման գործընթացի վերաբերյալ վերջին շրջանում հնչող մեկնաբանություններին և հարցադրումներին։
Ucom-ի և վճարահաշվարկային ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների միջև բանակցությունների ընթացքում առաջարկված պայմանները էապես տարբերվել են շուկայում ձևավորված ընդհանուր գործելակերպից։ Մասնավորապես, Ucom-ի համար առաջարկված սակագները զգալիորեն բարձր են եղել այն պայմանների համեմատ, որոնք նույն վճարահաշվարկային ընկերությունները կիրառում են, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների դեպքում, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։
Հաշվի առնելով շուկայի տրամաբանությունը և հավասար պայմանների պահպանման անհրաժեշտությունը՝ Ucom-ը հանդես է եկել սակագների վերանայման նախաձեռնությամբ՝ առաջարկելով դրանք մոտեցնել շուկայում ընդունված պայմաններին։ Քննարկումների ընթացքում ներկայացվել են նաև լուծումներ, այդ թվում՝ սակագների աստիճանական փոփոխության հնարավոր տարբերակներ։
Չնայած կառուցողական քննարկումների պատրաստակամությանը՝ ներկայացված առաջարկներին չի հաջորդել հստակ հիմնավորում կամ բացատրություն այն տարբերակման վերաբերյալ, որը կիրառվում է տարբեր ոլորտների ընկերությունների նկատմամբ՝ նույն ծառայությունների շրջանակում։
Ucom-ն իր գործունեությունն իրականացնում է առաջնորդվելով թափանցիկության, արդար մրցակցության և բաժանորդների շահերի պաշտպանության սկզբունքներով։ Սույն որոշումը ևս թելադրված է եղել այդ սկզբունքներով, այլապես նոր սակագներն անխուսափելիորեն կանդրադառնային նաև բաժանորդներին տրամադրվող այլ ծառայությունների սակագների վրա։ Ընկերությունը բաց է համագործակցության համար բոլոր այն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, որոնց պայմանները համապատասխանում են շուկայական տրամաբանությանը և ապահովում են հավասարակշռված գործընկերություն։ Ըստ այդմ, համագործակիցների ցանկը հնարավոր է կրկին վերանայվի։
Միևնույն ժամանակ, Ucom-ը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունը բոլոր գործընկերների հետ՝ այն պայմանով, որ հնարավոր կլինի հասնել փոխշահավետ և արդար լուծումների՝ առանց բաժանորդների հարմարավետությանը վնաս հասցնելու։