USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Team Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia

Այսօր, 11:12
Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը
Team Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը, հաղորդում է Team Telecom Armenia ընկերության մամուլի ծառայությունը։

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, բանկային, ներդրումային և բարձր տեխնոլոգիական ոլորտները ներկայացնող ընկերությունները։ Սա ցույց է տալիս ներդրումային պահանջարկի դիվերսիֆիկացված կառուցվածք և տեղական կապիտալի շուկայի զարգացման դրական դինամիկա։ 

Team Holding-ի պարտատոմսերը երկարաժամկետ ներդրումային գործիք են՝ ուղղված ընկերության ենթակառուցվածքային և տեխնոլոգիական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ընկերության ռազմավարությունն ուղղված է թվային ենթակառուցվածքի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը և տնտեսության համար արժեք ստեղծող նախագծերի իրականացմանը։ 

Երկրորդ փուլը մեկնարկեց արդեն ձևավորված շուկայական հետաքրքրվածության և դրական արձագանքի պայմաններում։ Երկրորդ փուլի շրջանակում տեղաբաշխված դոլարային պարտատոմսերի պայմաններն էին` անվանական ծավալը՝ 10 միլիոն ԱՄՆ դոլար, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8,75%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ եռամսյակային: 

Team Holding-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։ 

Պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին և հրապարակային առաջարկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։ 

«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, հիմնադրված 2021 թվականին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, ձևավորվել է որպես դուստր և այլ ընկերություններում ներդրումներ կատարող «հոլդինգային» ընկերություն, որը միավորում է դուստր ընկերություններ տարբեր ոլորտներում և ստեղծում բազմաճյուղ կորպորատիվ էկոհամակարգ։ Հոլդինգը միավորել է կախյալ և դուստր ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգային ինտեգրացիա, ֆինթեք, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր, էներգետիկա և շինարարություն, հյուրընկալության ոլորտ, գինեգործություն և բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարում։ Այսօր Հոլդինգի գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տնտեսության մի շարք առանցքային ուղղություններ։

Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ)՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որն ապահովում է մուտք դեպի տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ արժեթղթերի առքուվաճառք, ֆոնդային ներդրումներ, IPO-ների մասնակցություն և ինքնուրույն առևտուր առցանց հարթակի միջոցով։

Freedom Broker Armenia-ն հանդիսանում է միջազգային ֆինանսական Freedom Holding Corp. հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում (FRHC տիկեր)։ Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 7,5 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 12,4 մլրդ դոլար (2026թ. մարտի դրությամբ)։ Խումբը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում, ունի ավելի քան 11 000 աշխատակից, 233 գրասենյակ և ավելի քան 11 մլն օգտատեր թվային էկոհամակարգում։