«Ռոստելեկոմ»-ը կաջակցի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի անցկացմանը
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը կանցկացվի սեպտեմբերի 15-ին «Այբ» դպրոցում։ Այս տարի օլիմպիադայի հայաստանյան փուլի հովանավորն է «Ռոստելեկոմ»–ը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այս տարի օլիմպիադային մասնակցելու է 12 թիմ Հայաստանից, իսկ հաղթող թիմը կստանա հնարավորություն՝ ներկայացնելու Հայաստանը օլիմպիադայի միջազգային փուլում, որը տեղի կունենա նոյեմբերին Թաիլանդում։
Հայաստանում մրցույթի պաշտոնական կազմակերպիչն «Այբ» կրթական հիմնադրամն է։ Կառույցի ջանքերով 2016թ.-ից ի վեր կազմակերպվել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը և ապահովվել է հաղթողների մասնակցությունը միջազգային մրցաշարերին։
Մրցույթի այս տարվա կարգախոսն է` «Սնունդը կարևոր է», և մասնակից թիմերը պետք է ստեղծեին ռոբոտներ, որոնք կարող են օգնել նվազեցնելու սննդային թափոնները, հավաքել տարբեր ֆերմաների դաշտերի հողի որակի վերաբերյալ տվյալներ, կարգավորել նավերում առկա ջերմաստիճանն այնպես, որ սննդի փոխադրման ընթացքում արագ փչացող տարբեր սննդատեսակներ պահպանվեն անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում և այլն։
Ցանկացողները ժամը 16։00-ից սկսած կարող են մասնակցել հյուրերի համար նախատեսված ծրագրին՝ շրջայց և ռոբոտների ցուցադրություն ՖաբԼաբ-ում, լեգո խաղեր Mind Centre-ի և Whiz Code Academy-ի հետ, այց «Այբ» դպրոցի Լեգո Լաբ, ազգային պարերի ուսուցում, հյուրասիրություն (ֆուրշետ, թեյ, սուրճ)։
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) նպատակը ողջ աշխարհի երեխաներին և երիտասարդներին ռոբոտաշինության գաղափարի շուրջ միավորելն է և նրանց ստեղծարարությունը և նախագծելու ու խնդիրներ լուծելու հմտությունները զարգացնելը։
Մրցույթը ստեղծվել է 2004 թվականին։ Այսօր մրցույթին տարեկան մասնակցում է 6-25 տարեկան 60.000-ից ավելի երեխա և երիտասարդ՝ աշխարհի ավելի քան 60 երկրից:
Հայաստանում մրցույթի ազգային փուլն անցկացվում է 2016 թվականից՝ խթանելու ՀՀ դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման ու ճարտարագիտության դասավանդումը։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:
Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:
Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:
Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:–0–