Orange հիմնադրամը ներդրել է 52 մլն դրամ Պառավաքար գյուղում իրականացվող մի շարք ծրագրերում
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange հիմնադրամը ներդրել է 52 մլն դրամ Տավուշի մարզի Պառավաքար սահմանամերձ գյուղում «Մեկ գյուղ» ծրագրի միջոցով սոցիալտնտեսական իրավիճակի բարելավման նպատակով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Այս տարվա մայիսին մեկնարկած ծրագրի շրջանակում գյուղում ստեղծվել է գյուղատնտեսական կոոպերատիվ։ «Հաշվի առնելով գյուղի բնակիչների ճնշող մեծամասնության զբաղվածությունը խաղողագործության ոլորտում՝ կոոպերատիվին տրամադրվել է խաղողի այգիները մշակելու համար նախատեսված ժամանակակից տրակտոր, ինչպես նաև ոռոգման, վարման, խաղողի տնկիներն էտելու և մշակելու համար անհրաժեշտ սարքավորումներ», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Բացի այդ, ֆինանսական միջոցներ են հատկացվել հավելյալ 25 հա հողատարածք ոռոգելու համար, ինչը թույլ է տվել ընդլայնել խաղողի այգիներն ու օգտագործել ջրի սղության հետևանքով նախկինում անմշակ հողատարածքը։ Նախատեսվում է, որ այս փոփոխություններից հետո խաղողագործների տարեկան եկամուտները կմեծանան մոտ 30%-ով:
Ծրագրի շրջանակներում ֆինանսական և մարդկային ռեսուրսներ են ուղղվել Պառավաքարի, ինչպես նաև հարևան Վարագավան և Վերին Ծաղկավան համայնքների` ընդհանուր հաշվով 3200 բնակիչներին սպասարկող բժշկական ամբուլատորիայի վերանորոգման համար: Մասնավորապես կառուցվել է ամբուլատորիայի բնականոն աշխատանքի համար կենսական կարևորություն ունեցող հոսող ջրի համակարգ ու կոյուղի, ամբուլատորիան հագեցվել է անհրաժեշտ սարքավորումներով: Համայնքի երիտասարդ բնակիչների առօրյան ավելի բովանդակալից դարձնելու համար կառուցվել է ֆուտբոլի խաղահրապարակ:
«Orange հիմնադրամը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել գյուղական համայնքերի, հատկապես սահմանամերձ գյուղերի, առօրյա խնդիրները: Մեծապես տպավորված ենք սահմանից ընդամենը 2 կմ հեռավորության վրա գտնվող այս համայնքի բնակիչների ամենօրյա քաջությամբ, և մեր պարտքն ենք համարում նպաստել նրանց առօրյա կյանքն ավելի բարեկեցիկ և մի փոքր դյուրին դարձնելու գործին»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
Orange հիմնադրամի հիմնական առաքելությունն է աջակցել հասարակության խոցելի շերտերին` նրանց հնարավորություն ընձեռելով շփման համար, ինչպես նաև աջակցելով գյուղական համայնքների կայուն զարգացմանը։ Հիմնադրամն աջակցում է բարեգործական ծրագրերի իրականացմանը երեք հիմնական ուղղություններով` կրթություն, առողջապահություն և համայնքների զարգացում։
Orange Armenia–ն France Telecom–ի (ապրանքանիշը` Orange) նախկին 100 տոկոսանոց դուստրն է, այն հայկական շուկա է դուրս եկել 2009 թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այս տարվա սեպտեմբերին փոխվել է ընկերության հիմնական բաժնետերը, ինչի արդյունքում Orange Armenia–ի բաժնետոմսերի 100 տոկոսը փոխանցվել է «Ucom» ԲԲԸ–ին ($1 - 471,41 դրամ)։ –0–