USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Orange Armenia–ն համակարգչային կենտրոններ է բացել ՀՀ Լոռու մարզի երկու գյուղերում

06.12.2013, 18:12
Orange-ի աջակցությամբ Լոռու մարզի Կաճաճկուտ և Անտառամուտ գյուղերում համակարգչային կենտրոններ են բացվել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Orange Armenia–ն համակարգչային կենտրոններ է բացել ՀՀ Լոռու մարզի երկու գյուղերում
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange-ի աջակցությամբ Լոռու մարզի Կաճաճկուտ և Անտառամուտ գյուղերում համակարգչային կենտրոններ են բացվել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Այսօր արդեն երկու գյուղերում գործում են համակարգչային սրահներ, որոնք հնարավորություն են տալիս, առանց տանը համակարգիչ ունենալու անհրաժեշտության, ձեռք բերել համակարգչային հմտություններ, օգտվել ինտերնետից և լինել ժամանակակից աշխարհի մի մասը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդամենը մի քանի ամիս առաջ Orange-ը Լոռու մարզի Անտառամուտ և Կաճաճկուտ գյուղերում տեղադրել էր բջջային կայաններ՝ առաջին անգամ հասանելի դարձնելով բջջային կապն ու շարժական ինտերնետը:

Համակարգչային այս արդիական կենտրոնները ստեղծվել են «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համատեղ ջանքերով: Համակարգչային սրահները համալրված են համակարգիչներով, տպիչներով, հարմարավետ կահավորանքով և Orange-ի MyFi երթուղիչով, որը տալիս է ներբեռնման մինչև 21.6Մբ/վ արագության հնարավորություն:

Այս նախագիծը Orange-ի ավելի լայն առաքելության մի մասն է, որի նպատակն է աջակցել Հայաստանի համայնքային զարգացմանը և գյուղական բնակավայրերի տեխնոլոգիական հագեցմանը:

«Անտառամուտն այսօր ունի 300, իսկ Կաճաճկուտը` 200 բնակիչ: Երկու գյուղերն էլ գտնվում են մարզկենտրոնից նշանակալից հեռավորության վրա, ինչը վերջիններս է՛լ ավելի է մեկուսացնում: Անտառամուտի ու Կաճաճկուտի նման գյուղերը հաճախ անտեսված են լինում, սակայն մենք գիտակցում ենք, որ այսպիսի գյուղերում որոշակի սոցիալական և հասարակական դեր կարող ենք ստանձնել՝ կապի ժամանակակից միջոցները հասանելի դարձնելով մարդկանց»,– ասել է  Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 4–ին  Orange Armenia ընկերությանը լրացուցիչ ռադիոհաճախականություններ է տրամադրել Երևանում և երկրի մարզերում 3G ցանցն ընդլայնելու համար։ Դրա շնորհիվ ընկերությունը կկարողանա ընդլայնել ծածկույթը Երևանի մի շարք համայնքներում և ՀՀ մարզերում, մասնավորապես` Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի 22 գյուղերում։ Ցանցի ընդլայնման աշխատանքների իրականացման արդյունքում ընկերությունը կունենա 205 չծածկած բնակավայր Հայաստանում, իսկ 25 բնակավայրերում ծածկույթը կապահովվի 35 տոկոսով։

Orange-ը միակ օպերատորն է Հայաստանում, որը կառուցել է մինչև 42.2 Մբ/վ արագությամբ ցանց Հայաստանի հինգ մեծ քաղաքներում և մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման տեխնիկական հնարավորությամբ ցանց Հայաստանի մարզերում։

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։–0-