Orange Armenia–ն կբարելավի որոշ մարզերի կապը ստացած լրացուցիչ ռադիոհաճախականությունների հաշվին
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի բավարարել է Orange Armenia բջջային օպերատորի` լրացուցիչ ռադիոհաճախականությունների տրամադրման հայտը։
Ինչպես հայտնեց ՀԺԿՀ հեռահաղորդակցությունների վարչության պետ Գևորգ Գևորգյանը, հայտի համաձայն, ընկերությանը կապի լրացուցիչ 42 հանգույց կտրամադրվի։
«Ծրագրվում է, որ նոր ստացած հաճախականությունների շնորհիվ արդեն առկա կայանների հաշվին ընկերությունը կընդլայնի ցանցի ծածկույթը և կբարելավի մի շարք մարզերի մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև կսկսի ծառայություններ մատուցել Վայոց Ձորի, Տավուշի, Կոտայքի մարզերի որոշ գյուղերում, որտեղ մինչ օրս բջջային կապի ծառայություններ չի մատուցել»,– ասաց Գևորգյանը։
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0-- -