Orange Armenia–ն դեմ չէ չորրոդ օպերատորի մուտքին, սակայն տարակուսանքի մեջ է և ռիսկեր է տեսնում
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia–ն ընդունում է Հայաստանի հեռահաղորդակցական շուկա չորրորդ օպերատորի մուտքի մասին որոշումը, սակայն տարակուսանքի մեջ է, երկուշաբթի լրագրողներին ասաց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 4–ի նիստի ժամանակ նախատեսում է հաստատել Ucom ընկերությանն արտոնագիր տրամադրելու հարցը` որպես երկրում բջջային կապի չորրորդ օպերատոր։ Ընկերությունը 801-811 ՄԳց և 842-852 ՄԳց հաճախականությամբ բջջային կապի ծառայությունների տրամադրման արտոնագիր կստանա։ Բջջային կապի ծառայությունների կոմերցիոն գործարկումը նախատեսված է 2015 թ.–ի հունվարի 1–ից ոչ շուտ։
«Նոր օպերատորի մուտքի մասին որոշման ընդունումը իշխանությունների բացառիկ իրավունքն է, և մենք` որպես օպերատոր, ընդունում ենք այն, թեև որոշ անհասկանալի պահեր կան», – ասել է Ժելիբտերը։
Նրա խոսքերով` դա կապված է այն բանի հետ, որ չորրորդ օպերատորը հիմնվելու է LTE (Long Term Evolution – չորրորդ սերնդի կապի տեխնոլոգիա, 4G) բազայի վրա, իսկ նման տեխնոլոգիա ապահովող հեռախոսներն արժեն մոտ 350 եվրո։
«Վստահ չեմ, որ եթե ընկերության (Ucom) նպատակը մարզերում ինտերնետի զարգացումն է, ապա այդ մարզերում կան մարդիկ, ովքեր պատրաստ են նման գին վճարել հեռախոսի համար, այն դեպքում, երբ Orange–ը հեռախոսներ և ինտերնետ–մոդեմներ է առաջարկում 1 դրամով», – ասաց Ժելիբտերը։
Նրա խոսքերով` ընկերությունն այս հարցի շուրջ դեռ սպասողական դիրք կընդունի և կհետևի շուկայի զարգացումներին։
Նա նաև նշեց, որ որևէ օրինակ չկա, երբ չորրորդ օպերատորը 10 մլն–ից պակաս բնակչություն ունեցող երկրում որևէ ձեռքբերում է գրանցում։ Նրա խոսքերով` օրինակ Հունգարիայում կարգավորիչն անգամ հրաժարվեց չորրորդ արտոնագիր տրամադրելու գաղափարից, քանի որ նրանք ուսումնասիրեցին համաշխարհային փորձը և հասկացան, որ դա կարող է բացասաբար ավարտվել։
Նրա խոսքերով` Հոլանդիայում, որը 15 մլն բնակչություն ունի, ինչպես նաև Շվեյցարիայում և Ավստրիայում չորրորդ օպերատորները չկարողացան գոյատևել շուկայում, իսկ Մոլդովայում դա հանգեցրեց չորրորդ օպերատորի սնանկացման։
«Այլ բան է, երբ երեք միլիոնանոց շուկայում գործում է երեք օպերատոր` արդեն լավ գներով և նորարարությունների լավ մակարդակով, և ռիսկ է առաջանում չորրորդ օպերատորի համար նրա ստեղծման կապակցությամբ», – ասել է Ժելիբտերը։
Ucom (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին, այն տրամադրում է հեռահաղորդակցական ծառայություններ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծեց լայնաշերտ ինտերնետ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետի, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։
Հայկական շուկայում գործում է բջջային կապի երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), VivaCell-MTS–ը («Мобильные Телесистемы» (МТС) ռուսական օպերատորի դուստրը) և Orange Armenia–ն (France Telecom–ի դուստրը)։–0–