Orange Armenia-ն գործարկել է 3G+ ցանցը, որը ներբեռնման մինչև 42,2 ՄԲ/վ արագություն է ապահովում
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերությունը երեքշաբթի նոր սերնդի նորագույն 3G+ ցանցի առևտրային գործարկում է անցկացրել, որն ապահովում է մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն, ինչպես նաև ներկայացրել է «Internet Hima 4» մոդեմը:
Տվյալ ցանցը մեկնարկել է Հայաստանի երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում: 3G+ ցանցի թեստային թողարկումը տեղի է ունեցել 2011թ.-ի նոյեմբերին:
«Տեխնիկական փորձարկման շրջանը տևեց ուղիղ երկու ամիս, սակայն այն մեզ անհրաժեշտ էր` վստահ լինելու, որ մեր բաժանորդները մեծամասամբ կունենան գոհացուցիչ փորձառություն»,- ցանցի շնորհանդեսի ժամանակ լրագրողներին ասաց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ըստ նրա՝ նոր` արդեն մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող ցանցը և տեխնիկապես մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը թույլ են տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով:
Նա նշեց, որ այսօր Orange Armenia ցանցը ՀՀ ողջ տարածքում մինչև 14,4 ՄԲ/վ արագություն է ապահովում, սակայն ընկերությունը որոշել է դրանով չասահմանափակվել:
«Հայտնի է, որ Հայաստանի ինտերնետ օգտվողների 45 տոկոսը նախընտրում են բջջային ինտերնետը, այդ պատճառով մենք որոշեցինք նորագույն տեխնոլոգիական ձեռքբերումների կիրառմամբ նրանց առավել շատ արագություն ապահովել»,- ասաց Դյութուան՝ ընդգծելով, որ Հայաստանը France Telecom ծածկույթի գոտում քիչ երկրներից մեկն է, որտեղ թողարկվում է 3G+ ցանցը:
Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել հատուկ գնով 11 000 դր. և 20 000 դր. ամսավճարով սակագնային պլաններին բաժանորդագրվելու դեպքում: Ինտերնետ Հիմա 11 000 սակագնային պլանի այն բաժանորդները, որոնք կստորագրեն պայմանագիր 12 ամսով բաժանորդագրվելու պարտավորությամբ, կկարողանան ձեռք բերել Ինտերնետ Հիմա 4 մոդեմը 39 000 դրամով, իսկ Ինտերնետ Հիմա 20 000 սակագնային պլանի բաժանորդները` 19 000 դրամով: Մեկ տարին լրանալուց հետո մոդեմը կդառնա բաժանորդի սեփականությունը:
«Ինտերնետ Հիմայի» հին բաժանորդները կարող են 7.2 Մբ/վ կամ 14.4 Մբ/վ արագություն ունեցող մոդեմները փոխարինել նոր և ավելի արագ` Ինտերնետ Հիմա 42.2 Մբ/վ MF 680 մոդեմով: Անհրաժեշտ կլինի պարզապես կնքել բhաժանորդագրությունը 1 տարով երկարեցնելու պայմանագիր և դառնալ Ինտերնետ Հիմա 11 000 կամ 20 000 սակագնային պլանի բաժանորդ:
Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել նաև առանց 12 ամսով բաժանորդագրվելու պարտավորության` 59 000 դրամով:
Երևանից, Գյումրիից և Վանաձորից դուրս Ինտերնետ Հիմա 4 մոդեմով օգտվելու դեպքում բաժանորդին տեսականորեն հասանելի կլինի մինչև 21,1 Մբ/վ արագություն:
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ էմատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետիհասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում: ($1 - 387,96 դրամ է):--0--