Orange Armenia-ի մրցույթում հաղթած Անդրանիկ Հարությունյանը կմեկնի Կաննի կինոփառատոն

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերության կազմակերպած «Դեպի Կանն» մրցույթում հաղթած Անդրանիկ Հարությունյանը կմեկնի Կաննի կինոփառատոն։
«Արդեն հինգերորդ տարին անընդմեջ Orange–ն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում որպես «աստղ» մասնակցել այնպիսի կարևոր և հեղինակավոր միջոցառմանը, ինչպես Կաննի կինոփառատոնն է։ Հաճելի է նշել, որ այս տարի մասնակիցներն ու հեռուստադիտողներն առանձնահատուկ ակտիվություն են դրսևորել»,– ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Ըստ նրա, մրցակցությունը շատ թեժ էր` պայքարն ընթանում էր մի շարք յուրօրինակ և հետաքրքիր տեսանյութերի միջև։
«Ես միշտ ցանկացել եմ լինել Կաննում, և ուրախ եմ, որ իմ տեսանյութն արժանացավ հանդիսատեսի և ժյուրիի հավանությանը»,- ասաց Հարությունյանը, ով Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի չորրորդ կուրսի ուսանող է։
Մյուս 14 տեսահոլովակների հեղինակներն Orange Armenia ընկերությունից և «Մոսկվա» կինոթատրոնից անակնկալ նվեր ստացան` «Մոսկվա» կինոթատրոնի անսահմանափակ այցելություն երկու անձի համար մեկ ամսվա ընթացքում։
Հաղթողը ստացել է մայիսի 14-25–ն անցկացվելիք Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի ուղեգրի ամբողջական փաթեթ երկու անձի համար` ներառյալ ավիատոմսերը, հինգաստղանի հյուրանոցի համարը, անձնական վարորդի ծառայությունները և աշխարհահռչակ աստղերի հետ կարմիր գորգով անցնելու հնարավորությունը։
Այս տարի «Դեպի Կանն» տեսամրցույթն անցնում էր «Երազ տեսա. կինոյում էի» թեմայով: Ապրիլի 23-ից մինչև մայիսի 6-ը Orange-ի բոլոր բաժանորդներն ունեցել են հնարավորություն` ներկայացնել իրենց հեղինակած կարճ տեսանյութերը և մասնակցել ֆեյսբուքյան տեսամրցույթին:
Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցած 20 տեսանյութից քվեարկության ավարտից հետո մայիսի 6–ին հայտարարվեցին հաղթանակի 15 հավակնորդներ, ովքեր առավելագույն թվով քվեներ (Like) էին հավաքել, ինչից հետո ընտրություն է անցկացրել Orange–ի ժյուրին։ Առանձին ուշադրություն է դարձվել հոլովակի յուրատիպությանը, հումորին, ստեղծագործական և էմոցիոնալ կողմերին, այլ ոչ թե հոլովակի տեխնիկական որակին։
Անդրանիկ Հարությունյանին ցանկալի հաղթանակ բերած հաղթող հոլովակը հասանելի է http://bit.ly/1ipN1lk հասցեով։
Orange–ը 2000 թվականից Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկերն է։
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրում (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—