Մեկնարկել է Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում մեկնարկել է Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որի աջակիցն է ՎիվաՍել–ՄՏՍ ընկերությունը։Ինչպես հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, փառատոնի շրջանակում 83 ֆիլմերի ցուցադրություններ, 9 աշխատարաններ ու 5 ցուցահանդեսներ են նախատեսված Երևանի 17 տարբեր վայրերում։
Փառատոնը մեկնարկել է օսկարակիր Լեոնարդո ԴիԿապրիոյի և Ֆիշեր Սթիվենսի «Ջրհեղեղից առաջ» ֆիլմի ցուցադրությամբ։
«Ֆիլմը հայացք է նրան, թե ինչպես են կլիմայական փոփոխություններն ազդում շրջակա միջավայրի վրա և թե ինչ կարող է անել մարդը, որպեսզի կանխարգելի բնաջնջման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների, էկո-համակարգերի և բնիկ համայնքների ոչնչացումը ամբողջ երկրագնդում»,– ասվում է հաղորդման մեջ։
Արևորդի միջազգային բնապահպանական ամենամյա փառատոնի նպատակը բնության ու դրա խնդիրների մասին իրազեկելն է: Փառատոնը հարթակ է՝ միավորելու մարդկանց բնապահպանական խնդիրների շուրջ, տեղեկանալու, քննարկելու ու լուծումներ գտնելու։
Հաղորդագրության համաձայն,փառատոնի ֆիլմերը, աշխատարանները և ցուցահանդեսները կարելի է գտնել Էօնում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, Նոր Արվեստանոցում, Թումոյում, Հոդված 3 ակումբում, Մեդիա կենտրոնում, Բյուրոյում, Մուրաբայում, Խնկո Ապոր անվ. և Ավ. Իսահակյանի անվ. գրադարաններում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում, Fiction փաբում և Ժան-Պոլ Էքզիստեցիալ սրճարանում։
Փառատոնի գոյության 9 տարիների ընթացքում ցուցադրվել են ավելի քան 300 ֆիլմեր աշխարհի 150 երկրներից: Արևորդի միջազգային բնապահպանական կինոփառատոնը իր ձևաչափի մեջ առաջինն ու միակն է Հարավային Կովկասում։
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ 2007 թվականից։
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-