USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Իջևանում ՏՏ նոր ընկերություն է հիմնադրվել

25.12.2014, 18:09
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ` «Ինստիգեյթ» ընկերության ջանքերով 2014թ.–ի  դեկտեմբերին Իջևան քաղաքում հիմնադրվել է  «Վեկտոր» ՓԲԸ-ն՝ հիմնադիր և տնօրեն Արեգ Պետրոսյանի ղեկավարությամբ:
Իջևանում ՏՏ նոր ընկերություն է հիմնադրվել
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ` «Ինստիգեյթ» ընկերության ջանքերով 2014թ.–ի  դեկտեմբերին Իջևան քաղաքում հիմնադրվել է  «Վեկտոր» ՓԲԸ-ն՝ հիմնադիր և տնօրեն Արեգ Պետրոսյանի ղեկավարությամբ: 

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ուրախությամբ հայտնում է, որ սա վերջին տարիների դրական  տենդենց է. ներկայումս  տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններ են գործում արդեն մի շարք քաղաքներում. Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Իջևանում և Ստեփանակերտում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Ինստիգեյթ» ընկերության նպատակները համընկնում են՝ ընդգրկելով երիտասարդությանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: 

«Վեկտոր» ընկերությունը «Ինստիգեյթ» ընկերության նոր ռազմավարության արդյունքն է, այն է՝ աջակցել ՀՀ շրջաններում ՏՏ անկախ ընկերությունների ստեղծմանը՝ իրականացնելով մասնագիտական նախնական վերապատրաստման դասընթացներ, օգնել ընկերության ստեղծմանը և գործընթացների ձևավորմանը՝ առանց Ինստիգեյթ խմբի հետ հետագա իրավական փոխկապակցվածության։ «Վեկտորն» ունի չորս ծրագրավորողներից բաղկացած թիմ, կատարում է համացանցային եւ դյուրակիր համակարգիչների համար ծրագրերի նախագծման, իրականացման եւ ստուգման աշխատանքներ: Արդեն հաջողությամբ իրականացվել է երեք նախագիծ, ինչպես նաև անց է կացվում հերթական դասընթացը թիմը ընդլայնելու նպատակով։

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը 2013թ․–ի հուլիսից մեկնարկել  էր համակարգչային ծրագրավորման դասընթաց Տավուշի մարզի Իջևան քաղաքում Մոբայլ Ծրագրավորման Կենտրոն Իջևանի հետ համատեղ:
 
Դասընթացներն անցկացվեցին ՀՊՃՀ Իջևանի մասնաճյուղի տրամադրած համակարգչային լսարանում։ Դասավանդել են «Ինստիգեյթ» և «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունների ինժեներները։ Դասընթացին մասնակցել էին 15 ուսանող, որոնցից ավարտական փուլ էին  հասել 5-ը։

2014թ.–ի հուլիսից շրջանավարտներից 4-ը սկսել են իրականացնել ինժեներական նախագծեր՝ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության առաջնորդությամբ: