USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Սերժ Սարգսյանը ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի 2014թ.–ի կրթական պարգևներ է հանձնել ավելի քան 40 աշակերտի և ուսանողի

16.10.2014, 19:00
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի 2014թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին:
Սերժ Սարգսյանը ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի 2014թ.–ի կրթական պարգևներ է հանձնել ավելի քան 40 աշակերտի և ուսանողի
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի 2014թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին:

Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 16 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Հաշվի առնելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և բուհական տեխնոլոգիական կրթական համակարգում ունեցած մեծագույն ավանդը, ինչպես նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության 10-ամյակի կապակցությամբ «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Չի-Ֆուն Չանը ևս արժանացել է ՀՀ Նախագահի կրթական պարգևին:

Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2014թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել հաջողություններ:

2005 թվականի ապրիլի 28-ին «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև ստորագրված պայմանագրով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողներն ամեն տարի արժանանում են ՀՀ նախագահի պարգևներին։

Synopsys Armenia ընկերությունը /Synopsys Inc–ի մասնաճյուղ/ հայկական շուկա է մտել 2004 թվականի հոկտեմբերին` Leda Design և Monterey Arset ընկերությունների միաձուլման և Synopsys Armenia ԲԲԸ միասնական ընկերության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից հետո։ Ընկերությունը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, մտավոր սեփականությունների (IР) արտադրության և մշակման նախագծման ոլորտներում։

Synopsys Inc –ը ծրագրային ապահովման, մտավոր սեփականության և ծառայությունների բնագավառի համաշխարհային առաջատար է և ունի մոտ 70 տեղական մասնաճյուղեր Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում և Հնդկաստանում, իսկ գլխամասային գրասենյակը Կալիֆոռնիայում է (ԱՄՆ)։--0—