Հայտնի են «ԴիջիԿոդ» ծրագրավորման մրցույթի հաղթողների անունները
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայտարարվել են Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացված «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողների անունները։
Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է շաբաթ օրը։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ԻՏՁՄ գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը, այս տարի մրցույթին մասնակցելու համար ընտրվել է ավելի քան 40 աշխատանք։
Նա նշեց, որ մրցույթի շրջանակում դպրոցականներն իրենց խաղերը մշակել են Scratch (Աղվես) ծրագրավորման լեզվով և բեռնել դրանց Մասաչուսեթսի տեխնոգոլիական համալսարանի կայքում։ Scratch–ը MIT–ի մշակած ծրագրավորման մթնոլորտ է, իսկ «Աղվեսը»` նոր մոդուլներով համալրված հայկական տարբերակն է, որը ճարտարագիտական լաբորատորիաների և ռոբոտատեխնիկայի խմբակների աշակերտները կիրառում են ռոբոտների ծրագրավորման ժամանակ։
Ժյուրիի կազմում ընդգրկված ՏՏ ոլորտի փորձառու մասնագետների առջև նույնպես բարդ խնդիր էր դրված, քանի որ հայ դպրոցականները հանդես եկան բարդ և ստեղծագործական լուծումներով:
Այսպիսով՝ մինչև 13 տարեկան տարիքային խմբում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթեցին Սամվել Պապյանը (Angry Birds խաղով) և Սերգեյ Վարդանյանը (Brain focus and speed tester):
Իսկ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Գևորգ Հովհաննիսյանն՝ իր «Դպրոց» խաղով:
«Լավագույն վիրտուալ լաբորատորիա» անվանակարգում մինչեւ 13 տարեկան տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Մելինե Ներսիսյանի «Դաշնամուր», իսկ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում՝ Նանե Սարգսյանի «Animal lab» խաղը:
«Animal lab»-ը հաղթող ճանաչվեց նաև «Լավագույն դիզայն» անվանակարգում:
«Լավագույն մտահաղացման» հեղինակ ճանաչվեց Վազգեն Հովհաննիսյանը՝ իր Balloons խաղով:
«Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողները ստացան տարբեր անակնկալ մրցանակներ. մասնավորապես՝ դրամական պարգևներ, դասընթացի մասնակցության և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ինովացիոն ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և այլն:
«ԴիջիԿոդն» իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ)՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: -0-