Հայաստանում թվային հեռուստատեսության ծառայությունները պետք է շատ բարձր որակ և զանգվածային հասանելիություն ունենան. Կլիմկո
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը պատրաստ է սկսել թվային հեռուստատեսության ծառայությունների տրամադրումը միայն դրա բարձր որակի և Հայաստանի ողջ տարածքում հասանելիության ապահովման դեպքում, ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Մենք բավականին պատասխանատու ընկերություն ենք, և ես կարծում եմ, որ ծառայություն գործարկելը, որը փորձարկված չէ, երբ դեռ ոչ բոլոր գծերում է փոխվել «վերջին մղոնը», մեր ընկերության կողմից անպատասխանու քայլ կլիներ»,- չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Կլիմկոն նշեց, որ սկզբում ընկերությունը պետք է լիովին ավարտի տեխնիկական վերազինումը` ներառյալ մինչև վերջին բաժանորդը, որտեղ էլ որ նրանք գտնվեն, «և միայն դրանից հետո մենք կարող ենք թվային հեռուստատեսության ծառայություններ ներմուծել»:
«Այն ծառայությունները, որոնք մենք ներմուծում ենք, պետք է բացառիկ որակ ունենան, ինչպես նաև հասանելի լինեն ողջ հանրապետության տարածքում, ողջ երկրի բնակիչներին»,- ընդգծեց նա:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյալների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև՝ լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: -0-