Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան։
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ Մխիթար Հայրապետյանը՝ հղում անելով YouTube-ի պաշտոնական կայքէջին։
Ողջունելով YouTube-ի հայտարարությունը հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ՝ նա այն կարևոր քայլ է որակել Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, մեր արագ աճող կոնտենտ արտադրողների/ստեղծագործողների համայնքի հզորացման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ։
Նրա խոսքով, Հայաստանի համար YouTube-ի նման հարթակները միայն բովանդակության մասին չեն։
«Դրանք տնտեսական հնարավորությունների, թվային ձեռներեցության և ապատեղեկատվության դեմ հասարակական դիմակայունության ամրապնդման մասին են՝ բազմազան և վստահելի ձայների միջոցով»,-գրել է նա։
Հայրապետյանը շեշտել է, որ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակելու է համագործակցել համաշխարհային խոշոր գործընկերների հետ՝ հոգ տանելու, որ հայ ստեղծագործողներն ու տեխնոլոգիական ընկերությունները լիարժեքորեն ինտեգրված լինեն համաշխարհային թվային էկոհամակարգում։
«Մենք ակնկալում ենք այս դրական զարգացումների շարունակական զարգացումը մեր ամերիկյան գործընկերների հետ համատեղ, և պատրաստ ենք խորացնել համագործակցությունը YouTube-ի և տեխնոլոգիական համայնքի ավելի լայն շրջանակի հետ»,-ընդգծել է նախարարը։