USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Դպրոցների շրջանավարտների ՏՏ գիտելիքների թեստը կբարձրացնի կրթության մակարդակը. Լորա Բեյլի

26.05.2015, 12:55
Հայկական դպրոցների շրջանավարտների տեղեկատվական–հեռահաղորդակցային գիտելիքների թեստը թույլ կտա բարձրացնել կրթության մակարդակը և հավասար պայմաններ կստեղծի բոլորի համար, երեքշաբթի ասաց Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին Երևանում բացված Դպրոցների շրջանավարտների ՏՏ գիտելիքների գնահատման վերաբերյալ սեմինարի ընթացքում։
Դպրոցների շրջանավարտների ՏՏ գիտելիքների թեստը կբարձրացնի կրթության մակարդակը. Լորա Բեյլի

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դպրոցների շրջանավարտների տեղեկատվական–հեռահաղորդակցային գիտելիքների թեստը թույլ կտա բարձրացնել կրթության մակարդակը և հավասար պայմաններ կստեղծի բոլորի համար, երեքշաբթի ասաց Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին Երևանում բացված Դպրոցների շրջանավարտների ՏՏ գիտելիքների գնահատման վերաբերյալ սեմինարի ընթացքում։

«Ավելի քան երկու հազար հայ աշակերտներ մասնակցեցին թեստին։ Այն անցկացվեց 9–րդ դասարաններում։ Թեստը մշակվել է Ռուսաստանի Դաշնության կրթության կենտրոնի կողմից։ Այն հնարավորություն է ընձեռում ներկայացնել գիտելիքների  բոլոր մակարդակների ընդհանուր չափանիշներ երկրի կրթության յուրաքանչյուր մակարդակում»,– ասաց Բեյլին։

Միջազգային սեմինարում ներկայացվել է ՏՏ գիտելիքների մակարդակի չափման գործիք` Information and Communication Literacy Test (ICL Test, www.ictlit.com)։ Փորձագետների կարծիքով` այդ թեստը փաստացի թույլ է տալիս գնահատել դեռահասների` տեղեկատվական հասարակությունում ապրելուն պատրաստ լինելու մակարդակը։ Միաժամանակ, ինչպես պարզաբանում են մասնագետները, թեստն ուղղված է ոչ թե տեխնոլոգիական հմտությունների մակարդակի որոշմանը, այլ թեստն անցնողի` տեղեկության հետ արդյունավետ աշխատելու, նրա ճանաչողական որակների ընդունակությունների բացահայտմանը։

Բեյլիի խոսքով` թեստի նախաձեռնողները ցանկանում են ստեղծել կապեր, հնարավորություններ տեխնոլոգիաները, մաթեմատիկան և տնտեսագիտությունը միացնելու համար, և այդ դեպքում տվյալ թեստը շատ կարևոր է։

«Մենք հուսով ենք, որ կրթությունը հսկայական ուժ ունի, կրթված անձը հնարավորություն ունի ոչ միայն աշխատելու և բարձր աշխատավարձ ստանալու, այլ նաև նորարարություններ մտցնելու և հնարավորություններ ստեղծելու մյուսների համար»,– նշեց նա։

Նա շնորհակալություն հայտնեց նաև ՌԴ կառավարությանը, որը Համաշխարհային բանկի համար ողջ աշխարհում շատ կարևոր գործընկեր և դոնոր է, և հնարավոր դարձրեց այդ սեմինարի անցկացումը։

Հայաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում իրականացված թեստը շատ հետաքրքիր և արդյունավետ է։

«Շատ կարևոր է, որ թեստերի օգնությամբ համակարգային մոտեցման կիրառմամբ լուրջ հետազոտություն է անցկացվել։ Չի կարելի ասել, թե հետազոտության արդյունքները մեզ համար անսպասելի էին, ընդհանուր առմամբ, արդյունքը միջին է և ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ»,– ասաց Մկրտչյանը։

Նա միաժամանակ նշեց, որ բացահայտվել է շատ կարևոր տարր` այն դպրոցներում, որտեղ գոյություն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորություն այլ առարկաների ուսուցման գործընթացում, թեստի արդյունքն ավելի լավն է։

ICL Test–ը հիմնված է ՏՏ գիտելիքների յոթ բաղկացուցիչների վրա` սահմանում (խնդիրը ձևակերպելու կարողություն), հասանելիություն (տարբեր աղբյուրներից տեղեկություն գտնելու կարողություն), կառավարում (տեղեկությունը դասակարգելու կարողություն), ինտեգրում (տեղեկությունը վերլուծելու կարողություն), ինչպես նաև գնահատում, ստեղծում և փոխանցում։ Թեստավորումն ընդգրկում է 16 առաջադրանքներ (պարզ, միջին և բարդ), որոնց կատարման համար տրվում է երկու ակադեմիական ժամ։ Ուսումնական խնդիրներն ուղեկցվում են իրական կյանքից վերցված առաջադրանքներով։ Սովորողն օգտագործում է թվային տեխնոլոգիաների լայն շրջանակ, այդ թվում` տեքստային խմբագրիչներ, շնորհանդեսների ստեղծման համար նախատեսված գործիքներ, էլեկտրոնային աղյուսակներ, գրաֆիկներ, տվյալների բազաներ, մուլտիմեդիայի միջոցներ, ինչպես նաև էլեկտրոնային փոստ, սոցիալական ցանցեր։

Թեստը թարգմանվել է հայերեն լեզվով, առաջադրանքները հարմարեցվել են` հաշվի առնելով լեզվական և մշակութային առանձնահատկությունները, միջնակարգ հանրային կրթության ազգային համակարգի նպատակները, խնդիրները և առանձնահատկությունը։ Թեստավորվել է Հայաստանի բոլոր 11 մարզերի մոտ 2500 աշակերտ։ -0-