GNC-ALFA ընկերությունը (ապրանքանիշը` Ռոստելեկոմ) նոր կոդեր է ստացել Հայաստանում հեռախոսակապի համար
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել թույլատրել GNC-ALFA ընկերությանը (ապրանքանիշը` Ռոստելեկոմ) ֆիքսված հեռախոսային ցանցի նոր ոչ աշխարհագրական կոդեր զբաղեցնել։
GNC-ALFA–ն ստացել է առաջին ոչ աշխարհագրական ֆիքսված հեռախոսային ցանցի 6046 կոդը և նրա համարների շարքը 2010 թ.–ի հոկտեմբերին Հայաստանի տարածքում հեռախոսակապի ծառայություններ տրամադրելու համար։
«Ընկերությանն արդեն գործող 6046 ոչ աշխարհագրական կոդի հետ մեկտեղ տրամադրվում է հինգ նոր կոդ`6071, 6072, 6073, 6074 և 6075 և նրանց համարների շարքը», – նիստի ժամանակ ասաց ՀԾԿՀ հեռահաղորդակցությունների վարչության պետ Գևորգ Գևորգյանը։
Նրա խոսքերով` ընկերությանը նոր կոդեր տրամադրելը պայմանավորված է նրանով, որ արդեն մոտ 6 հազար բաժանորդ միացված է ընկերության հեռախոսային ցանցին։
Ըստ կանոնակարգի` նոր ոչ աշխարհագրական կոդերը տրամադրվում են նախկին կոդերի ամենաքիչը 60 տոկոսը զբաղեցնելու դեպքում։ Միաժամանակ եթե ընկերությունն ամենաքիչը 60 տոկոսով չի ապահովում ստացված համարային տարողունակության օգտագործումը, ապա ՀԾԿՀ–ն կարող է հետ կանչել չօգտագործված համարները։
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ GNC-ALFA ՓԲԸ-ն հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո:
GNC-ALFA –ն հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է։ Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: –0–