USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Discovery Science-ը և Ucom ընկերությունը երիտասարդ գիտնականների և նորարարների համար մրցույթ են հայտարարում

12.05.2017, 16:32
Discovery Science ալիքը, Ucom ընկերության հետ համագործակցությամբ, բարձր դասարանների աշակերտներին հրավիրում է մասնակցելու երիտասարդ նորարաների մրցույթին:
Discovery Science-ը և Ucom ընկերությունը երիտասարդ գիտնականների և նորարարների համար մրցույթ են հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Discovery Science ճանաչողական, ժամանցային ալիքը, Հայաստանում խոշորագույն հեռահաղորդակցության օպերատոր Ucom ընկերության հետ համագործակցությամբ, բարձր դասարանների աշակերտներին հրավիրում է մասնակցելու երիտասարդ նորարաների մրցույթին և պայքարելու գլխավոր մրցանակի համար` ճամփորդություն Ամստերդամ և այցելություն Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Նիդերլանդներ կմեկնի այն մասնակիցն, ով «Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով են ապագայում մարդիկ հաղորդակցվելու» հարցին կտա ամենայուրօրինակ և հետաքրքիր պատասխանը: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 10-ը ներառյալ՝ discovery@ucom.am հասցեով:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 16 տարեկան բոլոր բարձր դասարանցիները: Պարզապես հարկավոր է լրացնել մասնակցության հայտը և ներկայացնել վառ գաղափարներ այն մասին, թե ինչպես են մարդիկ միմյանց հետ հաղորդակցվելու ապագայում:

Ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբակային հայտեր, յուրաքանչյուր խմբում՝ մինչև 4 մասնակից:

Մասնակիցներն իրենց գաղափարները կարող են ներկայացնել հետևյալ որևէ ձևաչափով՝ տեսանյութ, եռաչափ (3D) մոդել, գծագիր, պրեզենտացիոն ֆայլ՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով:

Այլ սահմանափակումներ չեն կիրառվում: Մասնակիցները կարող են ազատություն տալ իրենց երևակայությանը և հանդես գալ ամենահամարձակ գաղափարներով, օրինակ՝ ապագայում մարդիկ հաղորդակցվելու են հեռուստացույցի միջոցով, որը կարողանում է բույրեր փոխանցել, կամ սարքերի միջոցով, որոնք թույլ են տալիս հաղորդակցվել մտքերի օգնությամբ:

Այսպիսի ցանկացած գաղափար կարող է հաղթանակ բերել մասնակիցներին: Եթե անգամ այսօր այս գաղափարներն անհավանական են թվում, տարիներ անց դրանք կարող են շատ ավելի իրական լինել, քանի որ գիտությունը մշտապես զարգանում է:

«Գիտությունն ամենուր շրջապատում է մարդկանց. նույնիսկ ամենասովորական առարկաներն իրենց մեջ շատ նոր ու հետաքրքիր գիտելիքներ են պարունակում: Discovery Science-ը հեռուստադիտողին հնարավորություն է տալիս բացահայտել այդ գիտելիքները և այժմ նաև օգնում է երիտասարդ տաղանդներին կայանալ գիտության ոլորտում: Մենք անհամբեր սպասում ենք համարձակ գաղափարների և հույս ունենք, որ Discovery Science-ի հաղորդումները կոգեշնչեն մասնակիցներին և նրանց ավելի կմոտեցնեն հաղթանակին», - ասել է հյուսիս-արևելյան Եվրոպայում Discovery Networks-ի փոխնախագահ, տարածաշրջանային ղեկավար Աննա Պաքը:

«Ucom ընկերությունը մի շարք նախագծեր է իրականացնում Հայաստանում, օրինակ, ինժեներական մտքի զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ մեր երկրում ծնվել են այնպիսի ուղեղներ, ովքեր առաջ են անցել իրենց ժամանակից և իրենց պատկերացումներում կերտել են այս պահին գիտաֆանտաստիկ թվացող մի ապագա, որն ընդամենը մի քանի դար հետո կդառնա իրականություն», - նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Հավելենք, որ ապագայի հաղորդակցման մասին լավագույն գաղափարի հեղինակը կմեկնի Նիդերլանդներ և կայցելի Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ։

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0-