Citymobil ընկերությունը նախատեսում է դուրս գալ անգլալեզու, արաբական, եվրոպական երկրների, ինչպես նաև Ամերիկայի միջազգային շուկաներ
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Citymobil ընկերությունը նախատեսում է դուրս գալ անգլալեզու, արաբական, եվրոպական երկրների, ինչպես նաև Ամերիկայի միջազգային շուկաներ, երկուշաբթի լրագրողներին ասաց Citymobil ընկերության հիմնադիրներից մեկը` Արամ Առաքելյանը։ Նրա խոսքերով` ընկերության գրասենյակային կառույցներից մի մասը Հայաստան տեղափոխելուց հետո հնարավորություն է ստեղծվել դուրս գալ մյուս շուկաներ։
«Հայաստանում կառույցի մի մասի տեղափոխումը մեծ առավելություններ տվեց` ուղղված նոր աշխատակիցների ներգրավմանը, ընկերության զարգացմանը, շուկայի ընդլայնմանն ու մրցակցային առաավելություններին», – ասաց Առաքելյանը։
Նա նշեց, որ Հայաստանում իրականացվում են հիմնական վերլուծական և ծրագրային աշխատանքները։ Աստիճանաբար Երևան են տեղափոխվում ընկերության ավելի շատ ռեսուրսներ։
«Հայկական շուկան մեզ հետաքրքիր է որպես պիլոտային նախագիծ` ծառայությունների մասին պատկերացում կազմելու, ավելի նպատակային քայլեր իրականացնելու համար։ Մասնավորապես, Հայաստանում օգտագործելով մարդկային ռեսուրսը` նախատեսում ենք դուրս գալ անգլալեզու, արաբական, եվրոպական երկրների միջազգային շուկաներ, ինչպես նաև ամերիկյան շուկա», – ասաց Առաքելյանը։
Նրա խոսքերով` Հայաստանում գոյություն ունեցող մարդկային կապիտալն ու օտար լեզուների իմացությունը թույլ են տալիս ընկերությանը ընդլայնել իր ներկայությունը համաշխարհային հարթակներում։
Առաքելյանը նաև նշեց, որ ընկերությունը դեռ չի նախատեսում, սակայն նաև չի բացառում առցանց ծառայությունների հայկական շուկա դուրս գալու հնարավորությունը։
Citymobil ընկերությունը տաքսու առցանց ամրագրման տեխնոլոգիական լուծումների ավտոմատացված համակարգ է, որը ստեղծվել է 2009 թ.–ին Ռուսաստանում ռուսաստանցի հայ ձեռներեցների կողմից, իսկ 2014 թ.–ին ընկերությունը դուրս է եկել հայկական շուկա` երկիր տեղափոխելով գրասենյակային կառույցների և call-կենտրոնների մի մասը։
Գրասենյակաների կառույցների մի մասը Հայաստան տեղափոխելու որոշումը պայմանավորված էր Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող գիտական ներուժի, տեխնիկական հմտություններ ունեցող և ռուսաց լեզվի իմացությամբ մասնագետների, մտավոր սեփականության ոլորտում համապատասխան իրավական դաշտի և այլ մրցակցային առավելությունների առկայությամբ։ Արդյունքում` ընկերությունները Հայաստան են տեղափոխել տեխնիկական բիզնես–գործառույթների մի մասը, որոնց թվում են շարժական հավելվածների և օպերացիոն համակարգերի նախագծումը, համակարգերի կոդավորման և թեստավորման աշխատանքներին, մարկետինգին, գովազդին, որակի ապահովմանը վերաբերող աշխատանքներն ու call–կենտրոնները։ Ընկերությունը սպասարկում է ռուսական շուկայի պատվերները` մշակելով և կառավարելով դրանք Երևանից։–0–