Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World մրցույթում
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Seedstars World մրցույթում Հայաստանը կներկայացնի Chessify ստարտափը, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։
Ստարտափի մշակումը թույլ է տալիս դասագրքից խնդիրները լուսանկարել հեռախոսով, թվայնացնել դրանք և աշխատել դրանցով։ Ստարտափն ունի ավելի քան 100 հազար բեռնում։ Դրա շնորհիվ, այն իր պրոդուկտը ներկայացնելու և 1 մլն դոլարի պայքարելու հնարավորություն ստացավ։
Մրցույթի երևանյան փուլին մասնակցելու համար տրվել է 70 հայտադիմումից, որից ընտրվել են միայն 11 մասնակիցներ, ովքեր հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց պրոդուկտը։
«Այս տարվա միջոցառման մասնակից ստարտափները հաճելիորեն զարմացրեցին, շատերի պրոդուկտները բավականին հղկված էին և պատրաստ դուրս գալու միջազգային շուկաներ, շատերը արդեն ունեին նշանակալի ձեռքբերումներ թե ներգրավված ներդրումների, թե թիրախային շուկաներում պրոդուկտի զարգացման առումով։ Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ բոլոր պրոդուկտները միտված էին մեծ ու գլոբալ խնդիրների լուծմանը։ Այս դրական փոփոխությունները և զարգացման միտումները հայկական ստարտափ էկոհամակարգի և բոլորիս կարևոր ձեռբերումն է», - նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Seedstars» միջազգային մրցույթի երևանյան փուլի գլխավոր գործընկերն է։ Ժյուրիի որոշման արդյունքում Շվեյցարիայում կայանալիք «Seedstars» միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա Chessify թիմով։ Միջոցառմանն օժանդակել են Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը և Մայքրոսոֆթ Էր-Էյ ընկերությունը։ Միջոցառման արծաթե գործընկերն է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-