USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
եղանակը
Երևանում
+9

Beeline–ն անազնիվ գովազդի համար մեղադրում է Orange Armenia ընկերությանը

03.08.2015, 21:03
Beeline-ը տեղեկացնում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից դիտարկվում է «ԱրմենՏել» ընկերության հայտը` «Օրանժ Հայաստան» ՓԲԸ կողմից ոչ ազնիվ մրցակցության վերաբերյալ:
Beeline–ն անազնիվ գովազդի համար մեղադրում է Orange Armenia ընկերությանը
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը տեղեկացնում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից դիտարկվում է «ԱրմենՏել» ընկերության հայտը` «Օրանժ Հայաստան» ՓԲԸ կողմից ոչ ազնիվ մրցակցության վերաբերյալ:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, հունիսի 16-ին «Օրանժ Հայաստան» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարություն է տարածել` Ռուսաստանում ռոումինգի ծառայությունների 29 դրամ/րոպե արժողությամբ սեփական առաջարկն անվանելով «լավագույն սակագին»:

«Գործնականում այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նույն օրը Beeline-ը գործարկել է «Կապի մեջ +» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանում, Վրաստանում և մի շարք այլ երկրներում ռոումինգում գտնվելիս բոլոր օպերատորներից ստանալ մուտքային զանգեր և կատարել ելքային զանգեր դեպի Հայաստանում Beeline բջջային ցանց 24,9 դրամ/րոպե սակագնով: Նույնքան արժի նաև ռոումինգում մեկ մեգաբայթ ինտերնետը», – նշել են մամուլի ծառայությունում:

Ստեղծված իրավիճակում, երբ շուկայում գործում է ավելի հասանելի գնային առաջարկ, մեր խորին համոզմամբ, «Օրանժ Հայաստան»-ի կողմից հայտարարված գովազդային նյութերում և պաշտոնական հաղորդագրություններում «լավագույն սակագին» ձևակերպումը, սպառողներին միանշանակ շփոթության մեջ է գցում և չի համապատասխանում իրականությանը:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–