USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Beeline-ը և Բրիտանական խորհուրդը նախաձեռնում են կոդավորման դասընթացներ Երևանի դպրոցներում

12.12.2019, 15:09
Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը հայտարարեցին «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» նախագծի մեկնարկը
Beeline-ը և Բրիտանական խորհուրդը նախաձեռնում են կոդավորման դասընթացներ Երևանի դպրոցներում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը հայտարարեցին «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» նախագծի մեկնարկը, որի նպատակն է կոդավորման արտաժամյա դասընթացների միջոցով զարգացնել աշակերտների թվային և այլ առանցքային հմտությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը, հաղորդում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը:

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում երևանյան երեք ավագ դպրոցում կներդրվեն Micro:bit  ծրագրավորելի միկրո-սարքավորումները, որոնք կրթական գործընթացը կդարձնեն առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ: Սարքավորումների հետ կտրամադրվեն նաև դասավանդման և ուսումնառության համապատասխան ռեսուրսներ: 

«Կոդավորումը ծրագրավորման հիմքն է, մի մասնագիտության, որն այսօր մեծ պահանջարկ ունի աշխատաշուկայում: Այն կարող է լավ աշխատանք և եկամուտ ապահովել ու օգտակար է նույնիսկ այլ մասնագիտություններ ունեցող մարդկանց համար: Ուստի մենք շատ ուրախ ենք մեր կորպորատիվ պատասխանատվության շրջանակում համագործակցել Բրիտանական խորհրդի հետ և հայ երիտասարդներին այս հիանալի մեթոդով տալ այս շատ արժեքավոր ու կարևոր գիտելիքները», – նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց. «Կոդավորումը 21-րդ դարի հմտություններից է, և այն պահանջվում է մասնագիտական ցանկացած ոլորտում։ Այն կխթանի աշակերտների մոտ քննադատական ու վերլուծական մտածողությունը` գտնելու նորարարական լուծումներ արդի խնդիրներին։ Նախաձեռնությունը կարևոր է, քանի որ այն համընկնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որդեգրած առաջնահերթություններին, այդ թվում  դպրոցական ծրագրում տեխնոլոգիաների ներդրման առումով»: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը կարևորում է տեխնոլոգիաների ներդրումը դպրոցներում, ու ուսուցիչների համապատասխան վերապատրաստումը դասապրոցեսն առավել ինտերակտիվ ու ժամանակակակից մեթոդներով վարելու համար, քանի որ նման արտաժամյա դասընթացների միջոցով հնարավոր կլինի զարգացնել ավագ դպրոցների աշակերտների թվային և այլ առանցքային հմտությունները,  քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը: 

«Քանի որ ծրագիրը առաջինն է, մենք  ակնկալում ենք, որ սարքի ներդրումը մեծ խթան կհանդիսանա կոդավարման միջոցով զարգացնելու միջազգային համագործակցությունը հայ դպրոցականների և  տարբեր երկրներից իրենց հասակակիցների միջև կապը», - նշել է Արևիկ Անափիոսյանը: 

Պիլոտային նախագծի շրջանակում ընտրված ավագ դպրոցներից 300 աշակերտ հնարավորություն կստանա մասնակցել կոդավորման արտալսարանային ներածական դասընթացների, իսկ շահառու դպրոցների ՏՀՏ ուսուցիչներին մինչ դասընթացների մեկնարկը կառաջարկվի micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ: 

Նախագծի ավարտին շրջանավարտների համար կկազմակերպվեն ինչպես ներդպրոցական, այնպես էլ միջդպրոցական մրցումներ` «Կոդավորման մարտահրավերներ» (Coding Challenge), որոնք հնարավորություն կընձեռեն նրանց ցուցադրել ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները: 

Նախագծի գործողության ժամկետն է 2020 թ-ի հունվարից մինչև մայիս:

Բրիտանական խորհուրդը Միացյալ Թագավորության միջազգային կազմակերպությունն է, որը կառուցում է մշակութային հարաբերություններ և ստեղծում կրթական հնարավորություններ: Մենք աշխատում ենք ավելի քան 100 երկրներում արվեստի, մշակույթի և կրթության ոլորտում:  Յուրաքանչյուր տարի մենք առնչվում ենք գրեթե 500 միլիոն բնակչության հետ, որը կազմում է ամբողջ աշխարհի բնակչության 1/10 մասը։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–