Beeline-ում նշվեց «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի տասնամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ում ուրբաթ նշվեց «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի տասնամյակը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 10-րդ հոբելյանական ծրագրի մասնակիցները ներկայացրին իրենց ստաժավորման ընթացքը։ Պաշտոնական արարողությանը հրավիրված էին նրանց մենթորները, Հայաստանի աշխատանքային կենտրոնների ներկայացուցիչները, ինչպես նաև այն աշխատակիցները, ովքեր Beeline են եկել «Երրորդ սերունդ» ծրագրի շնորհիվ։
Ծրագրի մասնակիցները կիսվեցին ստաժավորման առաջին ամիսների իրենց տպավորություններով, ինչպես նաև ներկայացրին իրենց գաղափարներն ու առաջարկները՝ ընկերությունում ներդնելու համար։ «Երրորդ սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2008 թ-ին, և այդ ընթացքում Beeline-ում ստաժավորում է անցել 130 ուսանող։ Նրանցից ավելի քան կեսն այսօր Beeline-ի աշխատակիցներ են, շատերը առանցքային պաշտոններ են զբաղեցնում։ Ավելին, ծրագրի մեկ մասնակիցն այժմ աշխատում է խմբի ընկերություններից մեկում՝ Ուկրաինայում։
«Մենք շատ ենք հպարտանում ստաժավորման այս ծրագրի հաջողությամբ, որի շնորհիվ մեր ընկերությունը համալրվում է նպատակասլաց, տաղանդավոր և ստեղծագործ երիտասարդներով։ Մենք էլ կարող ենք նրանց որոշ բաներ տալ՝ նրանցից յուրաքանչյուրին մենք առաջարկում ենք ստաժավորման անձնական պլան և կցում ենք հատուկ ղեկավար։ Ստաժորները կմասնակցեն մեր ընթացիկ նախագծերին, ինչպես նաև կունենան հետաքրքիր առաջադրանքներ, որոնք նրանց թույլ կտան կիրառել իրենց գիտելիքները և աշխատանքային փորձ ձեռք բերել՝ ուսմանը զուգահեռ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ի ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսերի ուսանողները (երրորդից սկսած), ովքեր առանձնանում են բարձր առաջադիմությամբ, նպատակասլացությամբ և ստեղծագործական մոտեցումներով։ Ստաժավորումն իրականացվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ ՏՏ, մարքեթինգ, իրավաբանական տնօրինություն և այլն։ Ծրագրի ավարտին լավագույն ստաժորները Beeline-ում աշխատանքի առաջարկ են ստանում։ «Երրորդ սերունդ» ծրագրի ընդունելությունն ընկերությունում տեղի է ունենում յուրաքանչյուր տարի՝ ապրիլից մայիս։ Ուսանողները պետք է համապատասխան դիմումը լրացնեն ընկերության կայքում՝ www.beeline.am։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–