Beeline-ի գլխավոր տնօրենը մասնակցեց ենթակառուցվածքային խնդիրներին նվիրված 9-րդ ազգային կոնֆերանսին
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ անցկացվող 9-րդ ազգային կոնֆերանսին, որտեղ ներկայացրեց իր կարծիքները հեռահաղորդակցության ոլորտում ենթակառուցվածքային խնդիրների և զարգացման հիմնական հնարավորությունների վերաբերյալ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, «Ենթակառուցվածքներով պայմանավորված խնդիրներ և ՀՀ տնտեսության զարգացման հնարավորություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում քննարկվեց երկու թեմա. «Առևտուր և կայուն տնտեսական ինտեգրում» և «Ենթակառուցվածքներ ու էներգետիկ խնդիրներ»։
«ՀԳՀՄ-ն 9 տարի շարունակ սոցիալական գործընկերությունը խթանելու և տնտեսության մեջ առկա խնդիրներն արծարծելու նպատակով կազմակերպում է ազգային կոնֆերանսներ: Մենք շատ բարձր ենք գնահատում գործընկերների մասնակցությունը և աջակցությունը այս հարցում: ՏՏ-ն և հեռահաղորդակցությունը ՀՀ տնտեսության մրցունակության համար էական դերակատարություն ունեն, և մենք ուրախ ենք ողջունել այդ ոլորտի կազմակերպությունների մասնակցությունը և դրանց ներդրումը տնտեսության զարգացման գործընթացներում, մասնավորապես ցանկանում եմ նշել Հայաստանում Beeline-ի դերակատարությունը», - ընդգծեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։
«Ենթակառուցվածքների մշտական զարգացումը ՎԵՈՆ խմբի, այդ թվում և Հայաստանում Beeline-ի համար գլխավոր նպատակներից է։ Մենք անընդհատ աշխատում ենք այդ ուղղությամբ և զգալի ներդրումներ ենք անում ենթակառուցվածքների մեջ, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այսօրվա դրությամբ կապի ժամանակակից տեխնոլոգիաները առանցքային դեր են կատարում Հայաստանում բիզնեսի և տնտեսության զարգացման հարցում։ Իսկ մենք մեր կողմից ձգտում ենք մեր հաճախորդների համար ստեղծել լավագույն պայմանները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Կոնֆերանսի ընթացքում ուշադրություն է դարձվել այն խոչընդոտների կարգավորմանը՝ պայմանավորված ենթակառուցվածքներով, որոնք վերաբերում են էներգակիրներին, ՏՏ և հեռահաղորդակցմանը, ներմուծման-արտահանման գործընթացներին, ինչպես նաև ճանապարհներով պայմանավորված բեռնափոխադրման խնդիրներին։
Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ Կենտրոնական Բանկը և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը, միջազգային մի շարք կազմակերպություններ, սոցիալական գործընկերներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և դեսպաններ:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–