USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

Հայաստանում BarCamp համաժողովը հարթակ կդառնա երիտասարդ մասնագետների համար. փորձագետ

31.05.2014, 14:51
«BarCamp Yerevan-2014» վեցերորդ ոչ պաշտոնական կոնֆերանսը բոլոր երիտասարդ մասնագետներին իրենց ծրագրերը ներկայացնելու հնարավորություն կտա, շաբաթ օրը համաժողովի բացման ժամանակ ասաց միջոցառման կազմակերպիչներից մեկը` տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հայաստանում BarCamp համաժողովը հարթակ կդառնա երիտասարդ մասնագետների համար. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. «BarCamp Yerevan-2014» վեցերորդ ոչ պաշտոնական կոնֆերանսը բոլոր երիտասարդ մասնագետներին իրենց ծրագրերը ներկայացնելու հնարավորություն կտա, շաբաթ օրը համաժողովի բացման ժամանակ ասաց միջոցառման կազմակերպիչներից մեկը` տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Մեր ոչ պաշտոնական կոնֆերանսը հնարավորություն է տալիս բոլոր երիտասարդ մասնագետներին ներկայացնել իրենց ծրագրերը, որոնք ձևաչափով չէին համապատասխանում և երկրորդ պլան էին անցնում լուրջ կոնֆերանսների ժամանակ»,  – ասել է Մարտիրոսյանը։

Թվով վեցերորդ «չկոնֆերանսը» կհամախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին` ծրագրավորողների, ինժեներների, բլոգերների, առցանց լրագրողների և սոցիալական ցանցերի ակտիվիստների։

Մարտիրոսյանի խոսքով` նախորդ տարվա համեմատ գրանցված մասնակիցների թիվն աճել է։

«Նախորդ տարի մենք ունեինք 1200 մասնակից, իսկ այսօր այդ թիվը հասնում է մոտ 2 հազարի, սակայն ակնկալվում է, որ մասնակիցների թիվը պարտադիր կավելանա» –ավելացրել է փորձագետը։

Այս տարի կազմակերպիչները խոստանում են բազմաթիվ անակնկալներ, որոնցից մեկը վարպետության դասընթացներն են, որոնք կանցկացնեն Bitcoin JS–ի համահիմնադիրներից մեկը` Ripple Labs Inc. ընկերության ներկայացուցիչ Շտեֆան Թոմասը, ինչպես նաև էստոնական ընկերության (որը զբաղվում է start-up ընկերությունների ուղղորդմամբ) մարկետինգի գծով մենեջեր Էրիկ Անդերսենը և լրագրողական ուսումնասիրությունների նախագծի տարածաշրջանային համակարգող OCCRP (Organized Crime and Corruption Reporting Project), YanukovychLeaks.org նախագծի համահիմնադիր Վլադիսլավ Լավրովը։ Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն նաև ՏՏ ոլորտի հայտնի հայ մասնագետներ։   

Միջոցառման կազմակերպիչներից մեկի` Լուսինե Փարավանյանի խոսքերով` ցանկացողները կարող են ներկայացնել իրենց ծրագրերը` նախապես գրանցվելով Timetable–ում, որտեղ կարող են ընտրել հատուկ լսարան և ժամանակ, ծրագիրը ներկայացնելու համար տրամադրվում է 20 րոպե։

«Չկոնֆերանսի» պաշտոնական կայքում հնարավոր է ծանոթանալ մասնակիցների ելույթների ծրագրին (http://barcamp.am/2014-2/timetable/). BarCamp–ը կտևի երկու օր։ Հունիսի 1–ին կամփոփվեն արդյունքներն ու տեղի կունենա «UpTown» երեկույթը, որի մասնակիցները հնարավորություն կունենան շփվել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ։
Միջոցառման գլխավոր հովանավորը Ucom ընկերությունն է։ BarCamp–ին առանձին օժանդակություն են  տրամադրում PicsArt ընկերությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուզը)։

«ԲարՔեմփը» միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է: Առաջին անգամ այն անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում և հետագայում դարձել է ճանաչված ձևաչափ ամբողջ աշխարհում։ «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով (չ)կոնֆերանսները, որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp «չկոնֆերանսն» անցկացվում է 2009-ից։

Առաջին BarCamp–ը նախկին Խորհրդային միության տարածքում անցկացվել է 2007 թվականի հոկտեմբերին Կիևում։ Այն հավաքել էր ավելի քան 300 մասնակից Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Ռուսաստանից, Ղրղըզստանից, Լեհաստանից և տարածաշրջանի այլ երկրներից, անցկացվել է 45 շնորհանդես։

Կիևյան BarCamp–ից հետո անցկացվել է Բալթիքս BarCamp–ը Ռիգայում (2008 փետրվար) և Կովկաս BarCamp–ը Թբիլիսիում (2008 հունիս)։

Առաջին BarCamp Yerevan–ը կայացել է 2009 թվականի ապրիլի 17–19–ին, որը հավաքել է ՏՏ մասնագետների, ինտերնետ և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների, ինտերնետ օգտագործողների, բլոգերների, նոր մեդիաոլորտի մասնագետների, լրագրողների և բոլոր հետաքրքրված անձանց և խմբերի, որոնք ամեն օր օգտվում են համացանցից։ -0-