ArmTech 2014 յոթերորդ ամենամյա համաժողովը տեղի կունենա ԱՄՆ-ում սեպտեմբերի 26-ին
05.09.2014,
17:41
ArmTech 2014 բարձր տեխնոլոգիաների ոլորտի յոթերորդ ամենամյա բիզնես-ֆորումն ու համաժողովը տեղի կունենա 2014 թվականի սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքի «TKP» համաժողովների կենտրոնում, ուրբաթ տեղեկացրել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ArmTech 2014 բարձր տեխնոլոգիաների ոլորտի յոթերորդ ամենամյա բիզնես-ֆորումն ու համաժողովը տեղի կունենա 2014 թվականի սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքի «TKP» համաժողովների կենտրոնում, ուրբաթ տեղեկացրել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) մամուլի ծառայությունը:
Այս տարի համաժողովը կանցնի «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» նշանաբանի ներքո: Համաժողովի նպատակն է ներկայացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը, որը ռազմավարական նշանակություն ունի հայկական տնտեսության համար, ներգրավել օտարերկրյա ներդրումներ, աջակցել միջազգային համագործակցությանը, բարձրացնել բարձր տեխնոլոգիաների հայկական ոլորտի ճանաչելիությունը գլոբալ աշխարհում:
«Ամեն տարի ArmTech համաժողովը համախմբում է ոլորտի տեղական և արտասահմանյան մասնագետներին, մասնավոր հատվածը ներկայացնող ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի ողջ աշխարհից, ովքեր միասին քննարկում են միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում», - նշվում է հաղորդագրության մեջ:
ArmTech-ին մասնակցելու համար կարելի է գրանցվել www.armtechcongress.com կայքում մինչև սեպտեմբերի 10-ը:
Համաժողովն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Համաժողովի կազմակերպիչներն են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետական և մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ:
ArmTech-ը ժամանակ առ ժամանակ անցկացվում է Կալիֆոռնիայի Սիլիկոնային հովտում և Հայաստանում: Առաջին համաժողովն անցկացվել է 2007 թ.-ի հուլիսի 4-7-ը Սան Ֆրանցիսկոյում: Վերջին համաժողովն անցկացվել է 2013 թ.-ի աշնանը Երևանում:-0-