Երևանում հայտնի են դարձել Բրիտանական ֆիլմերի փառատոնի մրցութային ծրագրերի հաղթողների անունները

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) և Բրիտանական խորհուրդը հայտարարում են «Մեզ հետ, մեր կողքին» և լավագույն գրախոսականի մրցույթների հաղթողների պարգևատրման մասին։ Մրցույթներն անց են կացվել Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունը։
Հաղթողների պարգևատրման, ինչպես նաև փակման պաշտոնական արարողությունները տեղի ունեցան այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Լավագույն գրախոսականի մրցույթին, որը մեկնարկել էր մարտի 5-ին, հաղթող ճանաչվեց Րաֆֆի Մովսիսյանը։ Նրա ֆիլմի գրախոսականը՝ «Եսասեր հսկան» արժանացավ կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամների ամենաբարձր գնահատականին։ Հաղթող մասնակիցը պարգևատրվեց Apple iPad պլանշետով, իսկ ևս երկու մասնակից արժանացան հատուկ մրցանակների: Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել էր 32 աշխատանք։
«Լավագույն գրախոսականի մրցույթի նպատակներից է ոչ միայն քաջալերել մարդկանց դիտելու և խորհելու ֆիլմերում բարձրացրած հարցերի շուրջ, այլև նպաստել Հայաստանում գրախոսականի արվեստի զարգացմանը: Եվ մեզ համար ոգևորիչ է ստանալ նման որակի աշխատանքներ»,-ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
«Մեզ հետ, մեր կողքին» ֆոտոմրցույթն, որն իրականացվում էր Բրիտանական խորհրդի պաշտոնական էջում, նվիրված էր հասարակությունում առկա ներառական խնդիրներին։ Մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել էր 58 լուսանկար: Լուսանկարչական ոլորտի մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովն Արմեն Անմեղիկյանի` միասնական և ներառական հասարակություն խորհրդանշող լուսանկարը ճանաչեց լավագույնը: Հանձնաժողովի բարձր գնահատականին արժանացան նաև Տաթև Մարտիրոսյանի, Սոնա Մարգարյանի, Տաթևիկ Պետրոսյանի, Տիգրան Լորսաբյանի, Քնար Բաբայանի և Անի Ռափյանի աշխատանքները: Արմեն Անմեղիկյանը պարգևատրվեց լուսանկարչական ապարատով, իսկ մյուս մասնակիցներն արժանացան խրախուսական մրցանակների։
Փառատոնի շրջանակում կազմակերպված մրցույթները ևս մեկ հնարավորություն են արվեստի միջոցով մարդկանց ուշադրությունը սևեռել մեր կողքին ապրող խոցելի խմբերի անդամներին և օգնության ձեռք մեկնել նրանց։ «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, համոզված եմ, որ համատեղ ջանքերի և մեր աջակցության շնորհիվ մենք կկարողանանք օգնել մարդկանց դարձնել կյանքն ավելի լավը»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 22-ին։ Փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Յունիսեֆը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline)։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–