Հայկական WCIT 2024/DigiTec–ը կդառնա խոշորագույններից մեկն աշխարհում․ աստղային հյուրեր և Իլոն Մասկի առցանց ողջույնի խոսքը․ UATE ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ WCIT 2024/DigiTec կոնգրեսը կդառնա Հայաստանի ՏՏ ոլորտի և խոշորագույն իրադարձություններից մեկն աշխարհում, հինգշաբթի ֆորումի նախաշեմինլրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) ղեկավար Ալեքսանդր Եսայանը։
«Հարյուրավոր հյուրեր արդեն ժամանում են Հայաստան։ Մենք քննարկելու ենք արհեստական բանականությունը, նոր միտումները, թե ուր է շարժվում աշխարհը, ինչպես է արհեստական բանականությունն օգնում և խանգարում բիզնեսին Վաղը WCIT 2024/DigTec-ը կմեկնարկի համերգով, որի ժամանակ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի հայկական և դասական ստեղծագործություններ։ Ելույթ կունենա նաև հայտնի երգիչ Ջեյսոն Դերուլոն»,- ասաց Եսայանը։
Նրա խոսքով, առաջին WCIT 2019-ը մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանում ոլորտի զարգացման վրա։
Նա նաև տեղեկացրեց, որ ընթացիկ ֆորումում ակնկալվում է NVIDIA-ի, TikTok-ի, Microsoft-ի, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լեո Մեսիի մենեջմենթի տնօրեն Ռոդրիգո Մեսիի, Graph Ventures վենչուրային ընկերության գործընկերոջ, Play Time-ի կառավարիչ Ռազմիկ Հովակիմյանի մասնակցությունը։
«Սպասվում է ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկի առցանց ողջույնի խոսքը»,- ասաց Եսայանը։
Իր հերթին WCIT-ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 6-ին գագաթնաժողովի շրջանակում կանցկացվի անօդաչու սարքերի workshop:
WCIT 2024/DigTec–ի մասին
WCIT 2024 կոնգրեսը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կ․ Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում՝ «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ» կարգախոսով։ Միաժամանակ «Մերիդիան» էքսպո կենտրոնում կանցկացվի DigiTec ամենամյա ՏՏ ցուցահանդեսը։ Երկու տարածքների միջև կերթևեկեն հատուկ շաթլներ։
Չորս օրվա ընթացքում WCIT 2024/DigiTec-ը Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի` դառնալով ոլորտի առաջատար բանախոսների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների հարթակ: Նախատեսվում է անցկացնել WITSA World Cup մրցույթը մոտ 20 երկրներից ընտրված ստարտափերի միջև, կանցկացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ։
Մասնակիցների աշխարհագրությունը շատ ընդարձակ է. Հայաստան կայցելեն ավելի քան 2000 միջազգային պատվիրակներ։
Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը WCIT2024-ի ինֆորմացիոն հովանավորն է։